Երկրի օրը նշելը ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկի սկիզբն է, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:
1970 թ. առաջին անգամ Երկրի օրը նշելը գործողությունների ալիք առաջացրեց, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնապահպանական կարևոր օրենքների ընդունումը: Մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքները ստեղծվեցին ի պատասխան 1970 թ. Երկրի օրը նշելու: Շատ երկրներ շուտով ընդունեցին նման օրենքներ:
Երկրի օրը մինչ օրս էլ կարևոր նշանակություն ունի: Այս տոնը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող տարածքների կառավարումը։
2023 թվականի ապրիլի 22-ի թեման է՝ «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում»: Այս կարգախոսը հնչել է նաև նախորդ տարի: Արշավի հաջողությամբ տպավորված՝ կազմակերպիչները երկարաձգեցին այն ևս մեկ տարով և կրկին կոչ են անում ավելի ակտիվ պայքարել հիմնական ընդհանուր սպառնալիքի՝ կլիմայի գլոբալ փոփոխության դեմ։
Կլիմայական չեզոք տեխնոլոգիաների և լուծումների ներդրման համար աշխարհի կառավարությունները, կազմակերպությունները և անհատները պետք է միավորեն ուժերը: Սա մեր ընդհանուր պատասխանատվությունն է:
Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը, և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլոր ջանքերը։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Երկրի օրը նշանավորվելու է գարնանային ծառատունկի իրականացմամբ: