Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը գործարկել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի հայկական հատվածը, որից ՀՀ քաղաքացիներից բացի կարող են օգտվել նաև ԵԱՏՄ երկրների բնակիչները։
Հեռախոսային հավելվածում հնարավոր է գտնել ավելի քան 60 պետական և առևտրային ծառայություններ, որոնք դյուրացնում են աշխատանքային միգրանտի օրինական աշխատանքի ընդունման գործընթացը Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում։
Հավելվածով հնարավոր է տեղեկատվություններ ստանալ ինչպես պետական մարմինների, այնպես էլ առևտրային կազմակերպությունների կամ անհատների կողմից տրամադրվող ծառայությունների մասին (բնակարանի վարձակալում, դրամական միջոցների փոխանցում, ապահովագրություն և այլն)։
Ներկայում ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ռուսաստանն են գործարկել բջջային հավելվածի ազգային սեգմենտը, ուստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առայժմ հավելվածի միջոցով կարող են միայն Ռուսաստանում աշխատանք փնտրել և օգտվել տրամադրվող ծառայություններից։
Բջջային հավելվածի միջոցով ԵԱՏՄ երկրներում աշխատանք գտնելու համար պարտադիր չէ ունենալ Միության երկրներից մեկի քաղաքացիություն։
Հավելվածը հասանելի է IOS և Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։ Այն պետք է ներբեռնել App Store-ի կամ Play Market-ի միջոցով՝ համապատասխան տողում նշելով «Աշխատանք ԵԱՏՄ»-ում:
Գրանցվելու և բոլոր ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է հեռախոսահամար և անձնագիր, սակայն ընդհանուր տեղեկատվությունը հասանելի է նաև առանց գրանցման: