2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե սահմանադրական օրենքը, որը նախատեսում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից: Ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչև վերոհիշյալ նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննություն իրականացվում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանի կողմից, բայց այդ նույն գործերով կայացված ակտերի վերաքննություն իրականացնում են Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ քրեական դատարանները. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի զեկուցման ընթացքում:
Փոխնախարարի պնդմամբ՝ ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրականացմամբ օժտված բոլոր դատական ատյաններում` օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետներում, որը նախատեսվել է սույն թվականի հունիսի 15-ը:
«Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել, այն է` ավելի վաղ ժամկետ (հունիսի 15) սահմանել նաև ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքում, քանի որ նշված օրենքի առաջին և երկրորդ մասերի ուժով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորներին գործունեության ոլորտով պայմանավորված, ռիսկայնությունից ելնելով, օրենքով սահմանված կարգով, նախատեսվել է տալ հավելում` 2024 թվականի հունվարի 1-ից»,- ասել է արդարադատության փոխնախարարը:
Գերատեսչության ներկայացուցիչը հարկ է համարել նշել նաև, որ Կառավարությունը նախագծերի փաթեթը լրամշակել է՝ պայմանավորված հարակից օրենքում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը փոխնախարարից հետաքրքրվել է` ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունն օրենքն ընդունելիս ուշ ժամկետ նշել այն ուժի մեջ դնելու համար, ինչին ի պատասխան` Լևոն Բալյանն ասել է, որ նախկինում հաշվի էին առել Հակակոռուպցիոն դատարանի շենքային ու գույքային պայմանների ստեղծման համար անհրաժեշտ ժամկետները, սակայն կազմակերպչական աշխատանքներն ավելի ինտենսիվ կերպով են իրականացվում: Հակակոռուպցիոն Վերաքննիչ դատարանի շենքը կառուցման փուլում է, հավանաբար աշխատանքներն ավելի շուտ կավարտեն:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատել է` իր պատգամավորական 5 տարիների պրակտիկայի ընթացքում առաջին դեպքն է, որ ժամկետներն առաջ են բերում:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը հորդորել է հավանություն տալ նախագծին ու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկել ու հասկանալ` կավարտվի՞ արդյոք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աշխատանքը մինչև հունիս:
Օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանն ու ընդգրկվել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում: