ԱՄՆ-Ը ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԿԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՕԼՍՈՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն շահագրգռված է խաղաղության համաձայնագրով։ Նա նաև մեղադրել է հայկական կողմին՝ նշելով թե իբր Երևանը խաթարում է խաղաղության գործընթացը: Բայրամովն ընդգծել է կողմերի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։
Էրիկա Օլսոնն իր հերթին նշել է տարածաշրջանում կայունության հաստատման և խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։
«Վաշինգտոնը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին»,- շեշտել է ամերիկացի պաշտոնյան։
ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ
Թուրքմենստանում` Իրանի հետ սահմանից ընդամենը 17 կիլոմետր հեռավորության վրա, բացվել է Իսրայելի դեսպանատունը: Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից հետո Իսրայելի արտգործնախարարն իր այցը «պատմական» է որակել:
Թեհրանը բավական ուշադիր է հետևում Իսրայելի հետ տարածաշրջանային երկրների հարաբերությունների զարգացմանը՝ դրա մեջ տեսնելով նաև իր շահերին ուղղված մարտահրավերներ։ Դրա վառ դրսևորումը դարձավ Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումից հետո Թեհրան-Բաքու հարաբերություններում լարվածության զգալի աճը։
ԷՐԴՈՂԱՆՆ ԱԶԴԱՐԱՐԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Թուրքիա Սևծովյան գազի մատակարարման մեկնարկի մասին։
«Սկզբնական փուլում մենք օրական 10 միլիոն խորհանարդ մետր գազ կարդյունահանենք: Իսկ երբ նախագիծն ամբողջ հզորությամբ իրականացվի, կկարողանանք ծածկել երկրի գազի սպառման կարիքների 30%-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայում սպառողներն այս տարի կենցաղային կարիքների համար օգտագործվող բնական գազի դիմաց չեն վճարի, իսկ տնային տնտեսությունները կազատվեն գազի բոլոր վճարումներից մեկ ամսով։
ՂՐՂԶՍՏԱՆԻՑ ՌԴ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացրել է Ղրղզստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 21-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
«Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալով՝ ապրիլի 10-ից 16-ն անցկացված ստուգումները ցույց են տվել, որ Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի որակն ու անվտանգությունը չեն պահպանվում:
«Ղրղզական ձեռնարկությունները հումքի ծագումը պարզելու մեխանիզմներ չունեն»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ մատակարարումները վերսկսելու հարցը կարող է քննարկվել, երբ Ղրղզստանի կաթ վերամշակող ձեռնարկությունները համապատասխանեն Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի օրենսդրական նորմերին։
Ի դեպ, օրերս Ղրղզստանի նախագահին առընթեր պետական լեզվի ազգային հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ երկրում քննարկվում է կիրիլիցայից լատինատառ այբուբենին անցնելու հնարավորությունը: Այս նախաձեռնությունը Ռուսաստանում ոչ միանշանակ է ընդունվել:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՄԵԾ ՏԵՄՊԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
Համաշխարհային օվկիանոսի մակարդակը մեծ տեմպերով բարձրանում է, և գլոբալ տաքացումը լրջագույն խնդիր է, զգուշացնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը։
«Մենք պարտվել ենք սառցադաշտերի հալման և ջրերի մակարդակի բարձրացման հարցում: Ծայրահեղ քանակությամբ ջերմոցային գազեր են արտանետվել, ինչի հետևանքներին բախվելու ենք դեռ հազարամյակներ»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Տալասը։
Նշվում է, որ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը սպառնում է որոշ ափամերձ քաղաքների և ցածրադիր տարածքների գոյությանը: Կազմակերպության տվյալով՝ 2022 թվականը ռեկորդային տաք տարի է եղել, 2023 և 2024 թվականներին կարող են նոր ռեկորդներ գրանցվել: