Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ «միանգամայն նորմալ» է համարում Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքում գործողություններ իրականացնելը, եթե դրանք ռուսական զորքերի մատակարարման ուղիները փակելու համար են, և քաղաքացիական անձինք չեն տուժում։
«Բացարձակապես նորմալ է, որ նման ռազմական բախումների ժամանակ հարձակման ենթարկված կողմը, օրինակ՝ մատակարարման գծերը կտրելու նպատակով առաջ է շարժվում, անցնելով հակառակորդի տարածք։ Բայց դա, իհարկե, այնքան ժամանակ, քանի դեռ հարձակման չեն ենթարկվում բնակավայրերն ու խաղաղ բնակիչները»,- ասել է նախարարը ZDF հեռուստաալիքի եթերում հարցազրույցի ժամանակ։
Խոսելով զենքի մատակարարման «կարմիր գծերի» մասին՝ նա նշել է, որ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելիս Արևմուտքը պետք է հաշվի առնի, թե «ինչպես է ընթանում պատերազմը»։ «Եթե Ուկրաինան պահանջում է ռումբերի որոշակի տեսակներ, որոնք արգելված են ամբողջ աշխարհում, ապա պետք է ասել՝ ոչ»,- հավելել է քաղաքական գործիչը։
Գերմանիայի պաշտպանության նախարարը վաղ է համարում նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Նրա կարծիքով՝ այն չի կարող քննարկվել, քանի դեռ այդ երկրում հակամարտությունը շարունակվում է։
Պիստորիուսի խոսքով՝ նման քայլի չի կարելի գնալ «ուղղակի համերաշխության զգացումից դրդված»։ «Նախ պետք է սպասել ուկրաինական հակամարտության ավարտին, ապա մանրակրկիտ կշռադատել Կիևի մուտքը դաշինք»,- ասել է նախարարը: