Կառավարությունը Ակադեմիային հակադրվելու ցանկություն չունի, չի էլ ունեցել: Ոչ մի կասկած՝ Հայաստանի զարգացման ճանապարհին գիտությունը առանցքային է բոլոր բնագավառներում: ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Հայաստանի նախագահը խոսեց գիտության հաջողությունների, նաև խնդիրների մասին, շեշտելով՝ առանց գիտության առաջընթաց չի կարող լինել:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդը, գիտությունը ըստ էության հենց դա է նշանակում, եթե ուզում ենք աշխարհում ունենալ մեր տեղը, և մենք ունենք որոշակի նպատակներ, ծրագրեր, միայն գիտության շնորհիվ կարող ենք անել:
Կարևոր է հասկանալ՝ ինչ է պետք և ինչ բովանդակությամբ: Որոշ հարցերի շուրջ նախագահը հարցադրումներ ունի, օրինակ՝ ինչու գիտական արդյունքներն այնքան չեն, որ տեսանելի լինեն տնտեսության մեջ: Շատ գիտնականներ ելույթներում նշեցին՝ ողջունելի է Կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ոլորտի ֆինանսավորումը շեշտակի ավելացել է՝ սկսած աշխատավարձից մինչև հետազոտական ամենատարբեր դրամաշնորհների տրամադրում:
Երբ որ նայում եք Կառավարության 2021-26 թթ. ծրագրին, այնտեղ հստակ այդ ուղղությունը կա, և դուք կարող եք գտնել Կառավարության վերաբերմունքը գիտությանը, սա կարևոր է, որովհետև ինչքան էլ խոսենք գիտության մասին, այն մասին, որ մարդիկ են կարևոր, դա այդպես է, բայց պետք ա ֆինանսավորում:
Նախագահի դիտարկմամբ՝ մեր երկրի տնտեսության զարգացման գործում մեծ խնդիր է գիտահետազոտական ինստիտուտների բացակայությունը: Վահագն Խաչատուրյանն ասաց՝ նախարար աշխատելու ընթացքում բարձրաձայնել է խնդիրը: Ըստ նախագահի՝ կան անհատներ, խմբեր, որոնք փորձում են նորարարությամբ զբաղվել, բայց, օրինակ՝ լուրջ ռազմարդյունաբերություն ունենալու համար պետք է ունենալ լուրջ գիտահետազոտական բազա:
Ես տնտեսագետի աչքով եմ նայում ամեն ինչին, եթե մենք կենտրոնացում չենք ապահովում, եթե չենք կարողանում իսկապես գնահատել, թե մեզ ի՛նչ է հարկավոր, գումարներն ու միտքը ուղղում ենք էդ ուղղությամբ, հաջողություն չենք ունենա, կունենանք ցաքուցրիվ գիտությամբ զբաղվող խմբեր, բայց արդյունքում ոչինչ չենք ունենա:
Ակադեմիան իր կարևոր դերն ունի, նշեց նախագահը, վստահեցնելով՝ ոչ ոք չի մտածում նվազեցնել կառույցի դերը: Ուղղակի պետք է առավել արդյունավետ աշխատել, գումարներ կան և ուղղվում են գիտությանը: Նախագահը կոչ արեց մշակել գաղափարներ՝ ուղղված Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:
Ամենակարևորը՝ ռեսուրսը կա ֆինանսական, պետությունը էդ հնարավորությունը տալիս է, մեծ սպասելիքներ ունի հենց գիտությունից, որ այդ բնագավառում մենք մեծ հաջողություններ կարձանագրենք:
Արդյունավե՞տ է հայկական գիտությունը, թե՞ ոչ: Նախագահի խոսքով՝ պետք է հասկանալ՝ ցանկացած նոր աշխատանք հերթակա՞նն է, թե՞ իսկապես արժեք է: Շատ անգամ է նշվում՝ ավելացել են հոդվածների թիվը, բայց որքանո՞վ են կիրառելի: Վահագն Խաչատուրյանի համոզմունքն է՝ հենց այստեղ է բանալին: Գիտություն - արտադրություն կապը թույլ է: Պետք է դիտարկել նաև բուհ - Ակադեմիա գործակցության ամրապնդումը: Լավագույն ճանապարհը բաց երկխոսությունն է, խնդիրների բացահայտումը: Նախագահը բոլորին կոչ արեց՝ եկեք աշխատենք:
Հեղինակ՝ Վահե Դավթյան