Նորաշեն, Գեղադիր, Գեղաձոր, Բերքառատ և Հնաբերդ գյուղերն այս տարի գազ կունենան: Արագածոտնի մարզի այս գյուղերում կապույտ վառելիք երբևէ չի եղել: Սուբվենցիոն ծրագրի առաջին փուլով գազն արդեն հասել է գյուղեր, մեկ այլ ծրագրով էլ այս տարի կկառուցվի ներքին ցանցը:
Հակոբ Ստեփանյան (Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Ծաղկահովիտի վերջին 5 գյուղն է, որ գազիֆիկացված չէր, և համայնքը ընտրեց այս սուբվենցիոն ծրագիրը: Ասեմ, որ շինարարն էլ բարեխիղճ շինարար էր, շատ լավ աշխատանք են կատարել, որակով, տեխհսկողությունը ժամանակին, ճիշտ կատարել են: Հիմա էս ծրագրով կառուցվել է մոտավորապես 20 կմ գազի գիծ:
Կապույտ վառելիքը այս համայնքներ բերելու համար ծախսվել է 330 միլիոն դրամ: Եվս 150 միլիոն էլ առաջիկայում կհատկացվի գազը բնակիչների տներ հասցնելու համար:
Հակոբ Ստեփանյան - Այս ծրագրով նաև երևում է, որ սուբվենցիոն ծրագրերը պետություն - համայնք համագործակցության շատ լավ օրինակ են, չեղած տեղից նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում, այս ծրագիրը 40-60 հարաբերակցությամբ է` 60 տոկոսը պետությունն է տալիս, 40 տոկոսը` համայնքը:
Արագածոտնի մարզում այս տարվա սուբվենցիոն ծրագրերը 2022-ից ավելի շատ են: Ընդ որում, նույն համայնքում մեկի փոխարեն մի քանի ծրագիր է իրականացվում: Գեղաձորը ոչ միայն գազիֆիկացվում, այլև ասֆալտապատվում է: Վերջին տարիներին գյուղում տուրիստների պակաս չի զգացվել. Արագած բարձրացող ամենանպաստավոր կետերից մեկն է:
Էդգար Օհանյան (Գեղաձորի վարչական ղեկավար) - Երթևեկության հետ կապված անբարենպաստ վիճակ է եղել, պրիմիտիվ բան՝ սկոռին շատ ուշ է հասնում: Եթե սուբվենցիոն ծրագրով մի քիչ էլ բարելավեն Ռապի գյոլ տանող ճանապարհը, իմացեք, որ այստեղ արդեն խնդիր կլինի հյուրանոցի, ռեստորանի:
Հյուրանոցի ու ռեստորանի կարիք մոտ ապագայում գյուղը հաստատ կունենա, վստահեցնում են բնակիչները: Ասում են՝ եթե մշտական աշխատանք ունենան, ենթակառուցվածքները զարգացնեն, բնակիչներն արտագնա աշխատանքի էլ չեն մեկնի:
Սմբատ Պետրոսյան (Գեղաձորի բնակիչ) - Ոնց էս գյուղը ստեղծվել ա, 15 թվից մենք գազ չենք տեսել, ոչ էլ ասֆալտ ենք տեսել:
Անդրանիկ Մալխասյան (Գեղաձորի բնակիչ) - Մենք չենք տեսել, գոնե մեր ջահելները, նոր սերունդը կտեսնի: Ջեռուցման պահով էլ սպասված վիճակ ա, որ վերջապես էկոլոգիապես մաքուր վառելիք կունենանք: Ով ունեցել ա հնարավորություն ֆինանսապես, փայտ ա հայթայթել, մնացածն էլ վառում են անասունի գոմաղբի չորացված վառելիքը:
2023-ի սուբվենցիոն ծրագրերում ներկայացված է նաև Ալագյազի գազիֆիկացումը: Այս տարվա ծրագրերում ճանապարհների սալիկապատման ծրագրերն ավելի շատ են, քան ասֆալտապատմանը: Պետության մասնաբաժինն այս դեպքում 15 տոկոսով ավելացել է: