ԱՄՆ-Ը ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՐԿԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՕԼՍՈՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպման առանցքում են եղել Հարավային Կովկասում զարգացումները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն շահագրգռված է խաղաղության համաձայնագրով և կայունության հաստատմամբ։ Ադրբեջանի նախարարը նաև մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, թե իբր Երևանը խաթարում է խաղաղության գործընթացը: Բայրամովն ընդգծել է կողմերի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։
Էրիկա Օլսոնն իր հերթին նշել է տարածաշրջանում կայունության հաստատման և խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ «Վաշինգտոնը միշտ պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին»,- շեշտել է ամերիկացի պաշտոնյան։
ԻՍՐԱՅԵԼՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՐԿՈՒ ԱՐԲԱՆՅԱԿ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ
Մոտ ապագայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկը Ադրբեջանին 120 մլն դոլար արժողությամբ երկու արբանյակ կմատակարարի՝ հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսրայելի ԱԳ նախարարի գրասենյակին և իրավապահ մարմիններին։
Ավելի վաղ այս շաբաթ Ադրբեջան կատարած այցից հետո Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել էր, որ երկու երկրներն ընդլայնում են գործակցությունը տնտեսության և անվտանգության ոլորտում։
ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ
Թուրքմենստանում` Իրանի հետ սահմանից ընդամենը 17 կիլոմետր հեռավորության վրա բացվել է Իսրայելի դեսպանատունը: Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից հետո Իսրայելի արտգործնախարարն իր այցը «պատմական» է որակել: Էլի Քոհենը նշել է, որ երկրները կընդլայնեն գործակցությունը տնտեսության և սահմանների պաշտպանության ոլորտներում։
Թեհրանը բավական ուշադիր է հետևում Իսրայելի հետ տարածաշրջանային երկրների հարաբերությունների զարգացմանը՝ դրա մեջ տեսնելով նաև իր շահերին ուղղված մարտահրավերներ։ Դրա վառ դրսևորումը դարձավ Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումից հետո Թեհրան-Բաքու հարաբերություններում լարվածության զգալի աճը։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓՈԹՈՐԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵԿ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Թուրքիան շարունակում է պայքարել բնական աղետների դեմ: Քահրամանմարաշում, որն ամենաշատն էր տուժել 2 ամիս առաջ տեղի ունեցած երկրաշարժից, հզոր փոթորիկ է արձանագրվել: Թուրքիայի առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ Պազարջիկ թաղամասում պտտահողմի և հորդառատ անձրևի հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։
Հաղորդվում է նաև, որ ուժեղ քամին քանդել է 170 վրան, որոնցում ապաստանել էին երկրաշարժից տուժածները, վնասվել են տասնյակ բնակելի շենքեր: Լրատվամիջոցների տվյալով՝ տեղական իշխանություններն արդեն նոր վրաններ են տեղադրում:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Գերմանիայում տեղի է ունեցել Ռամշտայնի ձևաչափով հերթական հանդիպումը: Ուկրաինային պաշտպանական աջակցության կոնտակտային խմբի աշխատանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամները, Եվրամիության, ինչպես նաև աֆրիկյան և ասիական մի շարք երկրներ: Օրակարգում էր Ուկրաինային ռազմական աջակցությունը, մասնավորապես՝ երկրի հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի հզորացումը։
Նիստին ընդառաջ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներն առանձին բանակցություններ են վարել: ԱՄՆ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ պատերազմի սկզբից ի վեր կոնտակտային խումբն ավելի քան 55 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային: Լլոյդ Օսթինը վստահեցրել է՝ Վաշինգտոնի աջակցությունը շարունակական կլինի:
Ռամշտայնի հանդիպմանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը երեկ այցելել էր Կիև: Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքի «բոլոր անդամները կողմ են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ», սակայն այժմ առաջնահերթ խնդիր է աջակցել Կիևին՝ հաղթել պատերազմում:
ՉԵԽԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻՑ
Չեխիան երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հրաժարվել է ռուսական բնական գազի մատակարարումներից՝ հայտնել է հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը։
«2023 թվականի առաջին եռամսյակում Չեխիան ազատվել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից: Փոխարենը՝ մատակարարումներն իրականացվել են բացառապես Նորվեգիայից, իսկ հեղուկ գազը ստացվել է ծովով՝ Բելգիայի և Նիդերլանդների տարածքով»,- ասված է հայտարարության մեջ։
Լիտվայի իշխանություններն էլ հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ երկիրը կանջատվի ռուսական էլեկտրահամակարգից՝ այդպիսով վերջնականապես խզելով էներգետիկ կապերը Մոսկվայի հետ։ Փորձնական անջատումը կիրականացվի վաղը:
Bloomberg-ը գրում է, որ Եվրահանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բալթյան երկրներին այս անցումային շրջանում՝ տրամադրելով ավելի քան 1 մլրդ եվրոյի աջակցություն։