Հայաստանի կառավարությունն ու Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: Օրերս «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում ստորագրվել է գործակցության հուշագիր:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ներկայում շատ կարևորվում է ՏՏ կիրառումը կրթության գործընթացում, որը իր ուղիղ ազդեցությունն է ունենում կրթության արդյունավետության բարձրացման վրա, հատկապես, որ այսօր երեխաները շատ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, ու սա մի ճանապարհ է դառնալու, որ ՏՏ-ները ուսումնական գործընթաց ներդնելու և սովորողների հետաքրքրվածությունը ու մոտիվացիան ՏՏ- ների հետ աշխատանքներ իրականացնելու առավել ուղղորդված են դարձնելու ու միտված են դարձնելու հենց կրթական համակարգում և ուսուցման գործընթացում կիրառմանը:
Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաև քայլեր են ձեռնարկում դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար:
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի խոսքով՝ կստեղծվեն բարենպաստ պայմաններ, կմշակվի աշխատանքային պլան՝ կրթական համակարգում Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի ինտեգրման համար:
Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այդ համակարգը թույլ կտա ստեղծել այն ֆունդամենտը մեր երեխաների համար, որով իրենք կդառնան միջազգային շուկայում մրցակից ու կստեղծեն այն հզոր տնտեսությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում:
Պատասխանատուները վստահեցնում են, որ այս գործիքակազմի և համակարգի ներդրմամբ միջազգային որակյալ կրթությունն էապես ավելի հասանելի է դառնալու։ Հայաստանի աշակերտները կունենան այն նույն թվային միջավայրը, որը Google-ն արդեն ներդրել է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Նարեկ Տերյան - Նույն համակարգը օգտագործվում է Լոս Անջելեսի կամ Նյու Յորքի դպրոցներում, մենք բոլորս հասկանում ենք, որ կրթությունը և դպրոցական կրթությունը այն հիմքն է, որը մենք ստեղծում ենք մեր երեխաների համար, և իրենք դառնում են մրցակից միջազգային շուկայում:
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ առաջին փուլում համակարգը ներդրվելու է Հայաստանի 3 հանրակրթական դպրոցներում, իսկ պիլոտային ծրագրի հաջող իրականացումից հետո տարածվելու է նաև մյուս բոլոր դպրոցներում։
SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ՝ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի Հայաստանի պետական մարմիններին՝ արտոնագիր ստանալու հարցում, Google-ի որակավորման պայմաններին համապատասխան: