Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի դրույթները, բայց նաև այն, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցներում արտահայտված տեսակետներին, թե Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները նաև Հայաստանի օգնությամբ, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մինչ այժմ մեր արած աշխատանքը տալիս է ճիշտ արդյունքը. այն է՝ մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից՝ ապահովել այն, որ ՀՀ-ի, որպես երկրի բանկային և տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի։ Մենք միաժամանակ նայում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին, որովհետև իրենց նկատմամբ պարտավորությունները ևս պետք է ըստ պայմանագրային հարաբերությունների պահպանենք, և հանկարծ այնպես չստացվի, որ որոշակի դժվարություններ ստանանք նաև այդ ուղղությունից։ Այնպես որ, սա բալանսավորված աշխատանք է, և կարող եմ ասել, որ մեծ թիմ է աշխատում և անընդմեջ է աշխատում։ Նպատակն է ապահովել մեր երկրի տնտեսական անվտանգությունը և տնտեսական շահերը»,- ասաց Վահան Քերոբյանը։