Մեր քայլերը բխում են մեր երկրի տնտեսական շահերից՝ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը՝ անդրադառնալով արևմտյան մամուլի հրապարակումներին, թե Հայաստանը և մի շարք այլ երկրներ օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել Արևմուտքի կիրառած պատժամիջոցները: Վահան Քերոբյանը վստահ է, որ նման հրապարակումների հիմքում զուտ այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Այդ մտահոգությունը փարատելու համար մենք խոսում ենք մեր ամերիկյան և եվրոպացի գործընկերների հետ, բացատրում ենք, թե որ ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են, և արդյոք մենք չե՞նք խախտի ԵԱՏՄ պայմանագիրը։ Կարողանում ենք բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի տնտեսական և աշխատանքային շահերից:
New York Times-ը օրերս գրել էր, որ Ռուսաստան չիպերի և այլ էլեկտրոնային բաղադրիչների վաճառքի կտրուկ աճ է նկատվել Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով։ Հրապարակումներից մեկում էլ նշված է, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515%-ով, իսկ Եվրամիությունից՝ 212%-ով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, քան 2021-ին։ Այնուհետև, ըստ հրապարակման, Հայաստանն այդ ապրանքների 97 տոկոսն արտահանել է Ռուսաստան։ Տնտեսական ոլորտի պատասխանատուն նկատեց՝ տոկոսները մեծ են հնչում, բայց գումարային արտահայտությամբ այն փոքր թիվ է: Քերոբյանը վստահեցրեց՝ Հայաստանն իր աշխատանքով փորձում է պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ պաշտպանելով նաև հայաստանյան տնտեսվարողների շահերը:
Վահան Քերոբյան - Դա չի նշանակում, որ բացառված չի դա։ Տեսնում եք, որ մի ձեռքի մատների վրա հաշված ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել: Բայց դա ընկերությունների ռիսկ է, մեր մաքսային, բանկային գործիքակազմով փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների ապահովությունը, այսինքն՝ սանկցիաների տակ չընկնելը:
Հայաստանը պատշաճ կերպով ԵՄ-ին և ԱՄՆ-ին բացատրում է իրավիճակն ու ռիսկային գոտի չի մտնում՝ շեշտեց նախարարը: Ըստ Վահան Քերոբյանի՝ իրենց աշխատանքն արդյունք տվել է, վկայությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշներն են:
Վահան Քերոբյան - Այն է, որ մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր՝ երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից՝ ապահովել, որ ՀՀ-ն՝ որպես երկիր, բանկային ու տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի: Մենք նաև նայում ենք ԵԱՏՄ գործընկերներին, որ իրենց նկատմամբ պայմանագրային պարտավորությունները ևս պահպանենք, որ այնպես չստացվի, որ դժվարություններ լինեն այդ ուղղությամբ ապահովել մեր երկրի տնտեսական անվտանգությունը:
Նախարարը հիշեցրեց նաև՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը լավ տեմպով է առաջ գնում՝ գերազանցել է 500 մլն-ի սահմանաչափը, թեպետ երկու կողմն էլ արձանագրում են, որ այս ցուցանիշը պոտենցիալի փոքր մասն է:
Հեղինակ՝ Անի Օհանյան