ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելի ճեպազրույցի ժամանակ լրագրողը փորձել է պարզել, թե ինչ են անում ԱՄՆ պաշտոնյաները Հարավային Կովկասի հարցով: Դեսպան Բոնոն գտնվում էր տարածաշրջանում, բանակցություններ վարում Բաքվում և Երևանում, փոխպետքարտուղարի օգնական Էրիկա Օլսոնն էլ հենց նոր է ավարտել իր հանդիպումներն Ադրբեջանում:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Պատելը նշել է, որ տարածաշրջանի վերաբերյալ նոր ասելիք չունի: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, դարձյալ մեծ նշանակություն ունի պետքարտուղար Բլինքենի համար:
«Մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պետքարտուղարը հնարավորություն ունեցավ հանդիպելու երկու երկրի ղեկավարների հետ։ Այս հարցում մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Պարոն Բոնոն շարունակում է զբաղվել այդ խնդրով»,- վստահեցրել է պետքարտուղարի փոխխոսնակը, միաժամանակ նշել, որ առայժմ նորություն չունի հայտնելու: