ԿԱՄԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Բանակում կամավոր ծառայության անցնելու հնարավորություն կտրվի նաև կանանց ու աղջիկներին: Պաշտպանության նախարարը մանրամասնեց՝ իգական սեռի ներկայացուցիչները, սեփական դիմումի համաձայն, կարող են դիմել ու զորակոչվել 6-ամսյա պարտադիր զինծառայության: Ի տարբերություն տղաների, նրանց նշանակումը կլինի առանց վիճակահանության, բացառապես ուսումնական զորամասերում: Իսկ զինված ուժերում անցկացրած 6 ամսից հետո կլինի նաև պատվովճար:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով:
Վաղաժամկետ ազատում կամ տարկետում չի նախատեսվում սակայն ընտանեկան պայմանների պատճառով: Նախարարը բացատրեց՝ 6-ամսյա ժամկետի համար իմաստ չունի նման կարգավորումներ տալ, ամեն ինչ կստուգվի նախապես մինչև զորակոչը: Մինչև ծառայության մեկնելը դիմումատուն կարող է նաև հրաժարվել, իսկ նրանք, ովքեր կես տարին լրանալուց հետո կցանկանան մնալ զինված ուժերում, ըստ Պապիկյանի, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով կարող են դիմել ու 5 տարով դառնալ արդեն պայմանագրային զինծառայող:
Սուրեն Պապիկյան - Օրենքը բնականոն ընթացքով կգա Ազգային ժողով, ենթադրում ենք, որ հնարավորություն կունենանք մինչև այս նստաշրջանի ավարտը ապահովել օրենքի ընդունումը, և արդեն կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ:
Նախագիծը նոր էջ է բացում բանակի պատմության մեջ՝ շեշտեց վարչապետը, նկատելով՝ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգի շրջանակում է: Ցանկություն ունեցող կանանց ու աղջիկներին էլ զգուշացրեց՝ իրենց լիարժեք ծառայություն է սպասում, սա զբոսանք չէ զորամասով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ընկալումն է պետք փոխել, որ մաքսիմալ ճիշտ փորձեմ ձևակերպել, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են, ո՛չ, կանայք պետք է դառնան լիարժեք զինվորական ծառայության մաս, չնայած այսօր էլ մենք ունենք ստորաբաժանումներ, որտեղ կանայք լիարժեք զինվորական ծառայություն են իրականացնում, և տրամաբանությունն այն է, որ այս հանգամանքը պետք է ուժեղացնել:
2 ՄԼՐԴ 729 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 42 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ
Զեկուցվող հաջորդ հարցով 2 մլրդ 729 մլն դրամ հատկացվեց սուբվենցիաների ֆինանսավորմանը, ընդհանուր 8 համայնք՝ 42 ծրագրով:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 2 ծրագիր 2021 թվականից է, 39-ը՝ 2022, և 1 ծրագիր արդեն 2023 թվականի ծրագրերից է, և ունենք 402 միլիոն դրամ, որը նախորդ տարի ծրագիրը արվել էր, որոշակի խնդիրներ կային, չէինք վճարել, հիմա շտկվել է, վճարում ենք:
Մանկապարտեզների հիմնանորոգում, գազիֆիկացում, բակերի, նաև ճանապարհների նորոգում, արևային կայաների տեղադրում, ջրահեռացման, ոռոգման համակարգերի կառուցում, ծրագրերը բազմազան են, վարչապետը ներկայացրեց արվածն ու սպասվողը, նկատեց՝ տարին տարվա վրա ծավալները մեծանում են, ամփոփեց Կառավարության հատկացումները:
Նիկոլ Փաշինյան - 2018 թվականից մինչ օրս Կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դոլարի ներդրում է արել։ ՀՀ մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել:
Թե ինչի վրա է ծախսվել 1.2 միլիարդը, պետք է հստակ լինի՝ նշեց վարչապետը, կաբինետի պատասխանատուներին հանձնարարեց հավելվածները հրապարակելու տարբերակ գտնել, որ ցանկացողը հասցեն ունենա, գնա տեսնի:
ՀԱՍՏԱՏՎԵՑ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հասցեն արդեն կա՝ Ակադեմիական քաղաքի գաղափարը մտնում է գործնական փուլ: Հաստատվեցին հիմնադրամի ստեղծումն ու կանոնադրությունը: Սա այն օղակն է լինելու, ասաց ոլորտային նախարար Անդրեասյանը, որը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է կրթական նոր քաղաքի ստեղծման գործընթացը, հետագայում էլ ստանձնելու է դրա կառավարումը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Նախնական փուլում հիմնադրամին ամրացվելու են Ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները, մեկամսյա ժամկետում մենք պետք է ներկայացնենք այն գույքի ցանկը, որը պետք է հատկացվի Ակադեմիական քաղաքի համար:
Նախարարի խոսքով՝ շուտով կսկսվի հայեցակարգի քննարկումը, քաղաքը 44 հազար անձի համար է նախատեսված: Անդրեասյանը հիշեցրեց՝ քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից: Տեղակայվելով Երևանի, Կոտայքի, Արմավիրի ու Արագածոտնի հատման վայրում՝ այն դառնալու է մեծ ռազմավարական նախագիծ՝ նկատեց վարչապետը, մանրամասնեց կլաստերների ուղղվածությունը: Առաջինը՝ «Հայֆիլմի» տարածքում կլինի արվեստների համալսարան ու ավագ դպրոց, երկրորդը՝ սպայական ավագ դպրոց ու համալսարան:
Նիկոլ Փաշինյան - Սա կրթական հարց չի միայն, սա պետական հարց է, որովհետև առիթ ունեցել եմ ասելու, որ սպայական դասը ցանկացած պետության ողնաշարն է, և մենք ՀՀ-ում նպատակադրված և գաղափարաբանորեն սպայական դաս ձևավորելու հարցում լիարժեք մոտեցումներ և գործիքներ չենք ունեցել:
Երրորդ կլաստերը 425 հա-ով ամենախոշորն է՝ տեխնոլոգիական ու մյուս մասնագիտացված բուհերի համար, իսկ 8 բուհ ֆինանսավորվելու է պետբյուջեից, վարչապետն ասաց, շուտով քննարկումներ կսկսեն շահառուների հետ: Քաղաքը, ըստ նրա, կտարբերվի իր ոճով, որոշել են արգելել ավտոտրանսպորտի մուտքը տարածք, «Հայֆիլմի» մոտ կտեղակայեն նաև ժամանակակից համերգասրահ, իսկ եթե ճարտարապետական լուծումները թույլ տան, կկառուցեն ազգային մարզադաշտ: Աշխատանքի ծավալը մեծ է, ընդգծեց Փաշինյանը, ասաց՝ մեգանախագիծը պետք է հաջողել: