23 մ լայնությամբ քառաշարք ճանապարհը մինչև տարեվերջ Թալինից Գյումրի հասնելը կդարձնի հեշտ ու արագ: Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում շինարարական ակտիվ եռուզեռ է:
Գուրգեն Հարությունյան (Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի տեղամասի հսկիչ) - էս պահի դրությամբ հողային աշխատանքների մոտ 75-80 տոկոսն ավարտված է, հիմա իրականացնում են ենթահիմքի ու հիմքի աշխատանքները, պատրաստվում ենք ասֆալտապատման:
Կապալառու կազմակերպությունը չինական «Սինոհիդրո քորփորեյշնն» է: Այս հատվածն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ Կառավարության միջև կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով:
Նարեկ Զուլալյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն) - Շինարարի աշխատանքային գրաֆիկով մինչև տարեվերջ կավարտվեն ճանապարհահատվածի 27.5 կմ ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների իրականացման աշխատանքները:
Սա շարունակությունն է նախորդ տարի կառուցված Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի, որը մինչև տարեվերջ երաշխիքային սպասարկման մեջ է և ճանաչվել է 2022-ին Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհային ծրագրերի մեջ լավագույնը: Պատասխանատուների խոսքով՝ նույնը սպասում է նաև այս հատվածին:
Գուրգեն Հարությունյան - Ընդհանրապես տարբերություն չեն զգա, որովհետև թե ինժեներն ա նույնը, թե շինարարը: Ասֆալտապատումը մոտ 50 տոկոսով ավարտված է, առաջին երկու շերտը, էս տարի եղանակը և աշխատանքների ընթացքը լավ լինեն, հուսով ենք, որ վերջին շերտը տարեվերջին կտեղադրենք, նաև վերին շերտը:
2024-ի երկրորդ եռամսյակում կավարտվեն նաև ճանապարհային կահավորանքի, անվտանգության էլեմենտների տեղադրման աշխատանքները:
Նարեկ Զուլալյան - 2024-ի երկրորդ եռամսյակում ճանապարհահատվածն ամբողջությամբ կհանձնվի շահագործման, և կսկսվի թերությունների վերացման համար նախատեսված ժամանակահատվածը, այսինքն՝ ճանապարհը մեկ տարի կգտնվի երաշխիքային ժամկետում:
Այս ճանապարհահատվածի կառուցմամբ Շիրակի մարզում Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրից կմնա Գյումրիի շրջանցիկ և դեպի Բավրա-Վրաստանի սահման տանող ճանապարհահատվածի կառուցումը:
Նարեկ Զուլալյան - Ընթանում են այս պահին նախապատրաստական աշխատանքներ, ասեմ, որ այդ հատվածի համար ունենք արդեն վերջնական նախագիծ: Աշխատում ենք Եվրոպական ներդրումային բանկի և ՀԲ գործընկերների հետ՝ նախահաշվային փաստաթղթերն ամբողջացնելու ու մեկնարկելու համար:
Այդ հատվածի շինարարության մեկնարկը նախատեսված է հաջորդ տարի, իսկ մինչև այս Թալինից դեպի Գյումրի 41,7 կմ-ը կլինի առաջին տեխնիկական կարգի, 4 երթևեկելի գոտիով, 20 սմ հաստությամբ եռաշերտ ասֆալտե ծածկով ու 90 կմ-ժ հաշվարկային արագությամբ ճանապարհ: