Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Դատախազությունը պահանջում է Աբրահամյաններից, հօգուտ պետության, բռնագանձել 5.6 միլիարդ դրամի 59 անշարժ, 4 շարժական գույք, ինչպես նաև 20 ընկերությունում մասնաբաժին և բաժնետոմսեր ու 21 միլիարդ դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ: Դատախազը ըստ ժամանակագրության՝ 2001 թվականից, ներկայացրեց Աբրահամյանների անշարժ և շարժական գույքերը:
Տիգրան Ենոքյան (Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) - 2006-ին ձեռք է բերվել Տերյան փողոց 66 շենքի 18 բնակարանը, որտեղ հաշվառված է Հովիկ Աբրահամյանը, ձեռքբերման արժեքը 15 միլիոն 811 հազար 675 դրամ, ձեռքբերման պահին օրինական եկամուտները կազմել են 100 հազար 340 դրամ: Նույն բնակելի շենքում ավտոկայանատեղի 11-րդ ավտոհանգրվան` 2006-ին է ձեռք բերվել` 2 միլիոն 549 հազար 355 ՀՀ դրամով, և ձեռքբերման պահին չուներ որևէ ազատ դրամական միջոց:
Թվարկումից պարզ դարձավ, որ Աբրահամյանի թիկնապահ Բագրատունի Բարսեղյանի և վարորդ Գրիգոր Գևորգյանի անուններով եւս գույքեր կան, որոնք, ըստ դատախազի, չեն հիմնավորվել օրինական եկամուտներով: Միայն վարորդի անվամբ, ըստ դատախազության, 11 գույք կա:
Տիգրան Ենոքյան - Քաղաք Դիլիջան, Բաբաջանյան փողոցի 26 հողամաս, Գրիգոր Գևորգյանի անվամբ է հողամասը գրանցված, 19 միլիոն 561 հազար դրամով ձեռք է բերվել համայնքից, և այդ պահին Հովիկ Աբրահամյանի դրամական միջոցները բավարար չէին օրինական միջոցների հաշվին այն գնելու համար:
Հաջորդ ձեռքբերումը 2008 թվականին Հյուսիսային պողոտա 3 շենք 8-րդ բնակարանն է, բնակարանը ձեռք է բերվել ի սկզբանե Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանի անվամբ` 2008 թվականին, այնուհետև, նվիրատվության պայմանագրի համաձայն, փոխանցվել է դստերը՝ Ռեբեկա Աբրահամյանին, և ձեռքբերման արժեքը` 80 միլիոն դրամ, 2008 թվականի տվյալներով Հովիկ Աբրահամյանը կարող էր ունենալ 142 հազար 864 դրամ:
Աբրահամյանի թիկնապահի անվամբ 9 անշարժ գույք է գրանցված: 4-ը հողամասեր են, որոնք ձեռք են բերվել մոտ 7 միլիոն դրամով եւ, ըստ դատախազի, այս դեպքում եւս օրինական եկամտի աղբյուր չի եղել:
Տիգրան Ենոքյան - Հաջորդ ձեռքբերումները վերաբերում են 2015 թվականին Հովիկ Աբրահամյանի անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանի անվամբ ձեռքբերումներին, խոսքը Տավուշի մարզ համայնք Դիլիջան Սարալանջի փողոց թիվ 42, 44, 46, 48 հողամասերի մասին է:
Բռնագանձման է ենթակա նաև Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անվամբ գրանցված` Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատներից մեկը:
Տիգրան Ենոքյան - Ջուլիետա Աբրահամյանի անվամբ 2017 թվականին ձեռք է բերվել Արաբկիր Ազատության պողոտա 1/20 բնակելի տունը՝ 630 միլիոն 500 հազար դրամով եւ, հաշվի առնելով տրամադրված վարկային միջոցները, Հովիկ Աբրահամյանը ձեռքբերման համար կարող էր ունենալ ընդամենը 55 միլիոն 169 հազար 124 դրամ:
Նախկին պաշտոնյայի որդու՝ Արգամ Աբրահամյանի անվամբ 19 գույք կա, 13-ը տարբեր ընկերություններում մասնակցություններ են: Դատախազը ներկայացրեց նաև Հովիկ Աբրահամյանին փոխկապակցված ընկերությունները:
Դատախազությունը պահանջում է ընկերություններին տրամադրված փոխառությունների պահանջի իրավունքը՝ 6 միլիարդ 361 միլիոն դրամ: Ըստ դատախազի՝ բռնագանձման է ենթակա նաև Աբրահամյանի` նախկինում ձեռքբերված և շուկայականից էականորեն ցածր արժեքով վաճառված շարժական և անշարժ գույքերի շուկայական արժեքը՝ 14.6 մլրդ դրամ: Աբրահամյանները նիստին չէին մասնակցում:
Նրա ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Կարապետ Բադալյանին` այն պատճառով, որ դատավորը չերկարաձգեց հայցադիմումի պատասխանի ժամկետը: Այն նիստին չքննարկվեց: Հաջորդին իրենց առարկությունները կներկայացնեն Աբրահամյանի և մյուսների ներկայացուցիչները:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան