Հայաստանում նախորդ տարի 3.4 տոկոսով ավելի քիչ կոռուպցիոն հանցագործություն է արձանագրվել, քան 2021 թվականին: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս նշեց գլխավոր դատախազը: Աննա Վարդապետյանն ընգծեց՝ նվազել են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերը, փոխարենն աճ կա կաշառքի, փողերի լվացման, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերով: 2022-ին կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է շուրջ 2 մլրդ 222 մլն դրամ, վերականգնվել է մոտ 873 միլիոնը:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - 2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ:
Աննա Վարդապետյանը հայտնեց՝ պետության գույքային շահի խախտման հանգամանքով՝ դատախազությունը ֆինանսական միջոցների բռնագանձման պահանջ է ներկայացրել Սամվել Մայրապետյանի և Գագիկ Հակոբջանյանի դեմ:
Աննա Վարդապետյան - Ընդհանուր առմամբ՝ պահանջում ենք Սամվել Մայրապետյանից բռնագանձել 17 մլրդ 375 մլն 758 հազար 242 դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով՝ 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը նախորդ տարի ստացել է 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քրեական վարույթ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի և հակակոռուպցիոն դատարաններ են ներկայացվել 21 հայցադիմում:
Աննա Վարդապետյան - Պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ:
Հարցուպատասխանի փուլում «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման քրեական գործից: Աննա Վարդապետյանը վերահաստատեց՝ պաշտոնը ստանձնելուց հետո, որպես քաղաքացի և գլխավոր դատախազ, իր համար առաջնահերթություն են «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործերը:
Աննա Վարդապետյան - Քանի որ ես ֆիզիկապես պաշտոնավարում եմ մի քիչ ավելի, քան 6 ամիս կամ մի քիչ ավելի քիչ, քան 6 ամիս, «Մարտի 1»-ն եմ, քանի որ ժամկետների խնդիր ունենք նաև հետապնդումների «Մարտի 1»-ով, ամենշաբաթյա ռեժիմով ինձ մոտ քննարկվում և զեկուցվում է: «Հոկտեմբերի 27»-ին դեռ ինքս անձամբ չեմ հասցրել ֆիզիկապես սկսել կարդալ և ուսումնասիրել:
Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովը Դատախազության հաղորդումն ընդունեց ի գիտություն: Այն կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան