ԱՄՆ-Ը ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՐԿԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՕԼՍՈՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպման առանցքում են եղել Հարավային Կովկասում զարգացումները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն շահագրգռված է խաղաղության համաձայնագրով և կայունության հաստատմամբ։ Ադրբեջանի նախարարը նաև մեղադրել է հայկական կողմին՝ նշելով թե իբր Երևանը խաթարում է խաղաղության գործընթացը: Բայրամովն ընդգծել է կողմերի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։
Էրիկա Օլսոնն իր հերթին նշել է տարածաշրջանում կայունության հաստատման և խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ «Վաշինգտոնը միշտ պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի բանակցություններին»,- շեշտել է ամերիկացի պաշտոնյան։
ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ
Թուրքմենստանում` Իրանի հետ սահմանից ընդամենը 17 կիլոմետր հեռավորության վրա, բացվել է Իսրայելի դեսպանատունը: Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից հետո Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն իր այցը «պատմական» է որակել: Նա նշել է, որ երկու երկրները կընդլայնեն գործակցությունը տնտեսության և սահմանների պաշտպանության ոլորտներում։
Թեհրանը բավական ուշադիր է հետևում Իսրայելի հետ տարածաշրջանային երկրների հարաբերությունների զարգացման գործընթացին՝ դրա մեջ տեսնելով նաև իր շահերին ուղղված մարտահրավերներ։ Դրա վառ դրսևորումը դարձավ Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումից հետո Թեհրան-Բաքու հարաբերություններում լարվածության զգալի աճը։
ԷՐԴՈՂԱՆՆ ԱԶԴԱՐԱՐԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Թուրքիա Սևծովյան գազի մատակարարման մեկնարկի մասին։ Այս առիթով Զոնգուլդակի «Ֆիլյոս» գազամշակման համալիրում միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում էլ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահը:
«Սկզբնական փուլում մենք օրական 10 մլն խորանարդ մետր գազ կարդյունահանենք: Իսկ երբ նախագիծն ամբողջ հզորությամբ իրականացվի, կկարողանանք ծածկել երկրի գազի սպառման կարիքների 30%-ը»,- ասել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի բնակիչներն այս տարի կենցաղային կարիքների համար օգտագործվող բնական գազի դիմաց չեն վճարի, իսկ տնային տնտեսությունները կազատվեն գազի բոլոր վճարումներից մեկ ամսով։
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ՝ ԹԻՐԱԽՈՒՄ
Ադանայում անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակի վրա: Լրատվամիջոցների տվյալով՝ տղամարդը օդամղիչ հրացանից 12 կրակոց է արձակել շենքի ուղղությամբ, որտեղ այդ պահին մարդ չի եղել, նա փորձել է փախուստի դիմել, սակայն ձերբակալվել է: Տուժածներ չկան:
Կուսակցության փոխնախագահը դատապարտել է տեղի ունեցածը: «Մենք ոչ մի քայլ չենք նահանջի՝ չնայած սպառնալիքներին և սադրանքներին»,- ասել է Օմեր Չելիքը:
Սա ապրիլի ընթացքում արդեն երրորդ դեպքն է: Ավելի վաղ Ստամբուլում թիրախավորվել էին Ժողովրդահանրապետական կուսակցության և «Լավ» կուսակցության գրասենյակները: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ միջադեպերը կապված են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱԽՄՈՒՏՈՒՄ
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Կիևը ստիպված է առավելագույն ռեսուրսներ օգտագործել Բախմուտը պաշտպանելու համար, քանի որ ռուսական կողմը գրեթե բոլոր ուժերը կենտրոնացրել է հենց Բախմուտի ուղղությամբ:
«Այնտեղ իրավիճակը շատ ծանր է: Նրանք ամբողջությամբ ավերում են քաղաքը, նման պայմաններում դիրքերը դժվար է պահպանել։ Որոշ հատվածներում նրանց հաջողվում է առաջ գալ: Բայց մենք հակառակորդին անհավանական կորուստներ ենք պատճառում»,- նշել է Աննա Մալյարը։
Մալյարի խոսքով՝ ուկրաինական կողմը հաջողությամբ գործում է Ավդեևկայի, Մարյինկայի և Լիմանի ուղղություններում։ «Չնայած ծանր մարտերին՝ հակառակորդը այս ուղղություններով առաջ շարժվել չի կարողանում»,- ընդգծել է պաշտոնյան։
Նշենք, որ ռուսական կողմը հայտնում է Բախմուտի մեծ մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:
ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 600 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁ Է ԶՈՀՎԵԼ
Սուդանում ապրիլի 15-ից Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով ավելի քան 600 քաղաքացիական անձ է զոհվել՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարը։ Հայսամ Մուհամեդ Իբրահիմի խոսքով՝ մայրաքաղաք Խարթումում մարտերի պատճառով 125 հիվանդանոց է ավերվել, դժվարությունների են բախվում նաև արտերկրից հումանիտար օգնություն ստանալու հարցում։ ՄԱԿ-ն էլ զգուշացրել է՝ եթե մարտերը շարունակվեն, մեծ թվով սուդանցիներ պարենային մատակարարումների անհնարինության և երկրում գների բարձրացման պատճառով կարող են սովամահ լինել:
Մինչ այդ Սուդանի արագ արձագանքման ուժերը հայտարարել են, որ համաձայն են մուսուլմանական ծոմապահության շրջանում ժամանակավոր հրադադար պահպանել: Կանոնավոր բանակն էլ հայտարարել է, որ հատուկջոկատայինների հետ բանակցություններ չի վարի, մինչև նրանք չվերադառնան 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ զբաղեցրած մշտական տեղակայման վայրեր։