Գործադիրը որոշել է բարձրացնել դատավորների աշխատավարձը: Այս անգամ խոսքը առաջին ատյանի՝ քրեական, քաղաքացիական, վարչական գործեր քննող, նաև սնանկության դատարանի դատավորների մասին է: Նախագիծը մշակած նախարարությունում բացատրում են՝ դա այն օղակն է, որի կատարած աշխատանքն ամենածանրն է, բայց վարձատրությունը ամենաքիչը: Փորձում են շտկել անհամաչափությունը:
Լևոն Բալյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Բոլոր վերլուծությունները տանում են նրան, որ ամենացածրն ու ամենաանհամապատասխանն իրենց ունեցած աշխատավարձի չափի ու ծանրաբեռնվածության հետ, առաջին ատյանում է:
Առաջին ատյանի դատավորների աշխատավարձն այժմ միջինը 600 հազար դրամ է՝ հարկերը հանած: Փոփոխությունը, ըստ Բալյանի, կտարածվի 220 դատավորի վրա:
Լևոն Բալյան - Նախատեսվում է իրականացնել հավելում՝ 60 տոկոսի չափով, որը կբերենք, կհամապատասխանեցնենք այսօրվա հակակոռուպցիոն գործեր քննող դատավորների աշխատավարձին` ինչ-որ չափով հավասարությունը ապահովելու տեսանկյունից:
Եթե նախագիծը օրենք դառնա, 60 տոկոս բարձրացումը բյուջեի համար տարեկան 1.4 միլիարդ դրամի ծախս կավելացնի: Փոխնախարարը, սակայն, վստահ է՝ սա ոչ միայն կլուծի աշխատավարձ-ծանրաբեռնվածություն անհամաչափությունը, այլև կավելացնի դատական առաջին օղակի գրավչությունը: Նկատել են, ասում է Բալյանը, հենց աշխատավարձով պայմանավորված` ավելացել է ավելի բարձր ատյաններ տեղափոխվելու ու բարձր աշխատավարձ ստանալ ցանկացողների թիվը:
Լևոն Բալյան - Էստեղ ուզում ենք առաջին ատյանում ապահովել էն վիճակը, որ մարդիկ զուտ աշխատավարձի համար չձգտեն այլ ատյաններ տեղափոխվել, և նոր եկող դատավորներին էլ, ավելի որակյալ կադրեր կարողանանք ներգրավել առաջին ատյանի դատարաններում:
Գործերի քանակը վերջին տարիների էական աճել է, նշում է փոխնախարարը: Ըստ նրա՝ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները տարեկան 2000 գործ են քննում, իսկ քրեականով՝ մինչև 200, մեկ դատավորի համար սա շատ մեծ ծավալ է, նշում է Բալյանը: Նախագիծը շուտով կգա կառավարություն, edraft-ում քննարկումն արդեն ավարտվել է, քվեարկածների 69 տոկոսը կողմ է եղել բարձրացմանը, 31-ը՝ դեմ: