Ապրիլի 20-ի երեկոյան Բելգորոդում պայթյուն է որոտացել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական Սու-34 ռազմական ինքնաթիռից զինամթերք է ընկել քաղաքի բնակելի թաղամասում, գրում է Interfax-ը։
Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի կենտրոնում գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով 3 մարդ վիրավորվել է, վնասվել է բարձրահարկ շենք, որի բոլոր բնակիչները տարհանվել և ժամանակավորապես բնակեցվել են հյուրանոցում: Պայթյունի հետևանքով մի քանի մեքենա է վնասվել, մոտ 20 մետր շառավղով հսկա ձագար է գոյացել:
ՌԴ ՊՆ-ն չի հստակեցրել, թե ինչն է եղել արտակարգ իրավիճակի պատճառը, և ինչ «ավիացիոն զինամթերք» է ընկել քաղաքի կենտրոնում։ Նախարարությունը նաև չի բացատրել, թե ինչու է նման զինամթերքով Սու-34-ը թռել Բելգորոդի բնակելի թաղամասերի վրայով և չի շրջանցել քաղաքը։ Բելգորոդի շրջանը սահմանակից է Ուկրաինային, որտեղ ավելի քան մեկ տարի ռազմական գործողություններ են ընթանում: