Ֆրանսիան հրաժարվել է Ուկրաինային տրամադրել Բելառուսի վրայով անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների թռիչքների տվյալները։ Այս մասին հայտնում է Le Monde-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Կիևը Փարիզին խնդրել է տրամադրել Բելառուսի տարածքի թվային քարտեզը։ Դա անհրաժեշտ է ցածր բարձրության վրա մարտական առաջադրանքների նախապատրաստման համար, որոնց իրականացմանը կարող է խոչընդոտել տեղանքը։ Թվային քարտեզը նկարագրում է տեղանքը, խոչընդոտները և հակաօդային պաշտպանության դիրքերը:
Պարբերականը գրում է, որ ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ կշարունակի աջակցությունն Ուկրաինային պաշտպանական գործողություններում, սակայն հրաժարվել է ուղղակի կամ անուղղակի մասնակցել գործողություններին ուրիշ երկրների տարածքում։ Նշվում է, որ Կիևը նման խնդրանքով դիմել է նաև արևմտյան այլ պետությունների։