Կալիֆոռնիացի հաղորդավար Լարի Էլդերը հայտարարել է, որ 2024 թվականին առաջադրվելու է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։
«Ամերիկան անկում է ապրում, բայց դրանից կարելի է խուսափել»,- գրել է նա: «Մենք կարող ենք թևակոխել Ամերիկայի ոսկե դարաշրջանը, բայց դրա համար պետք է ընտրենք առաջնորդի, որը մեզ կտանի այնտեղ»,- գրել է նա Twitter-ում:
Էլդերը Հանրապետական կուսակցության կողմնակից է և նախկինում առաջադրվել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար, սակայն ձախողվել է:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին նույնպես հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրում Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար։
Ամերիկայի ներկա առաջնորդ, դեմոկրատ Ջո Բայդենը հասկացրել է, որ վերընտրվելու մտադրություն ունի։ Սակայն նա դեռ չի հայտարարել նոր ընտրարշավի մեկնարկի մասին։