ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Այս մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում Կիևին աջակցող կոնտակտային խմբի նիստի մեկնարկից առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նաև ընդգծել է, որ այս պահին դաշինքի երկրների հիմնական ուշադրությունը «Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակն ապահովելն է»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Վիլնյուսում հուլիսի 11-12-ը նախատեսված դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
Ապրիլի 20-ին Ստոլտենբերգն այցելել էր Կիև և նախագահ Զելենսկու հետ բանակցություններից հետո խոստացել էր օգնել Ուկրաինայի զինված ուժերին ՆԱՏՕ-ի զորամասերի հետ լիարժեք փոխգործունակության հասնելու համար: Նա հայտարարել է, որ «Ուկրաինայի լիարժեք տեղը եվրատլանտյան ընտանիքում է», և ժամանակին այն կդառնա դաշինքի անդամ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը լսել է Զելենսկու խնդրանքը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին, ինչպես նաև դրա վերաբերյալ տարբեր արձագանքները։ «Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին և հիշում է, որ դեպի դաշինք Կիևի կողմնորոշումը դարձավ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկի պատճառներից մեկը»,- ասել է Պեսկովը։