ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱԼԻԵՎԻ ԵԼՈՒՅԹԻՆ ԵՎ ՀՆՉՈՂ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը, իսկ նման քայլերի նպատակը իրավիճակը էսկալացիայի տանելն է՝ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանը քաղաքական հավասարակշռված գնահատականներով առաջ է շարժվելու:
Վարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին իր հայտարարությունների վերաբերյալ Արցախից և Հայաստանի ընդդիմադիր դաշտից հնչող քննադատություններին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մադրիդյան սկզբունքները ՀՀ-ն ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս: Սրա հետ չառերեսվեով՝ մենք զուգահեռ իրականություն ենք ստեղծել, որը միջազգային իրականության հետ կապ չունի: Էս իրադրության հետ պետք է առերեսվել: Քննադատեք ինձ սրա համար, դուք էլ եք նույն սխալները արել, ես էլ, որ չենք առերեսվել: ֆունդամենտալ պրոբլեմին եկեք անդրադառնանք: Ես ինչ եմ փորձում անել. փորձել եմ նենց անել, որ ժողովրդի հետ խոսակցությունը լինի, և դա ցավոտ պրոցես է:
ՀԱՊԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԼԻՆԵՆ
Վարչապետի խոսքով՝ Տեղ գյուղի 11 կմ հատվածից 5 կմ-ը հայկական կողմը համարել է խնդրահարույց, սակայն այսօրվա դրությամբ այդպիսի հատվածները կրճատվել են ևս 1,4 կմ-ով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մնացյալ հատվածն էլ կճշգրտվի, և թեման կամփոփվի:
Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում Եվրամիության առաքելությանը, խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին:
Նիկոլ Փաշինյան - ԵՄ առաքելությունը նույն հարթության մեջ դնել ՀԱՊԿ-ի առաքելության հետ չի կարելի: ՀԱՊԿ առաքելությունից ակնկալիքները պետք է ավելի բարձր լինեն, քան ԵՄ-ից: ԵՄ-ն գործնականում 2 ամիս է, որ տեղակայվել է, ԵՄ-ն արձանագրել է ՀՀ պետական սահմանի խախտումը:
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում Հայաստանի համար կարևոր է, որ երաշխիքների համակարգ նախատեսված լինի, սակայն ներկայիս միջազգային իրավիճակը հաշվի առնելով՝ այսօր աշխարհում չկա այնպիսի երկիր, որ նույնիսկ սեփական անվտանգության հետ կապված երաշխիքների մասին կարող է հայտարարել՝ նշել է վարչապետը: Անդրադառնալով հարցին, որ եթե երաշխիք չկա՝ ինչու է փաստաթուղթ ստորագրվում՝ Փաշինյանը նշել է՝ նախ՝ դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք, բայց ինքը հույս ունի և պատրաստ է ստորագրել իր երեկվա ելույթում նշված խնդիրների հասցեագրման շրջանակում: Վարչապետը շեշտել է՝ ստորագրելով՝ բացասական զարգացումները չեն լինի այնպիսին, ինչ կլինեն չստորագրելու դեպքում: