Գործարկվել է սահմանամերձ բնակավայրերում հիպոտեկով անհատական բնակելի տուն կառուցողների համար պետական աջակցության ծրագիրը: Տավուշի Արծվաբերդ, Ոսկեվան, Բերքաբեր, Սյունիքի Տեղ, Դավիթ Բեկ, Քարահունջ, Խնձորեսկ, Շիկահող և Վայոց ձորի Արենի բնակավայրերում կառուցապատում անելու՝ 9 շահառուի հիպոտեկի գործարքը բանկերը հաստատել են: Պետությունը մայր գումարից տրամադրում է մինչև 16 միլիոն դրամ, մարում նաև վարկի մինչև 13 տոկոս տոկոսադրույքը:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական) - Այսինքն, եթե շահառուն ստանում է 16 մլն դրամ վարկ, 13 տոկոսով 10 տարի ժամկետով, ամբողջ մարումն անում է պետությունը, շահառուն որևէ պարտավորություն տվյալ բանկի շրջանակում չունի: Եթե գումարի չափն ավելի է, տարբերությունը վճարում է շահառուն: Միջին այդ գումարն է, որ բավարար է տուն կառուցելու համար, 16 և ավելի, այս պահին ավելին ստացողներ չեն եղել, բոլորը պետության աջակցության չափի շրջանակում են:
Մի մասի գումարն արդեն տրամադրվել է, մի մասինը տրամադրման փուլում է: Նախարարությունում հիշեցնում են՝ ծրագրից կարող են օգտվել Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն գրանցված ամուսնություն, ամուսիններից առնվազն մեկը Հայաստանի քաղաքացի է: Տարիքն ու երեխա ունենալ-չունենալու հանգամանքը բնակարանային մատչելիության ապահովման ծրագրին մասնակցելու խոչընդոտ չեն:
Գայանե Ղարագյոզյան - Այս չափանիշներին բավարարող շահառուները պետք է դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկ կամ վարկային կազմակերպություն հիպոտեկային վարկ ստանալու համար: Համագործակցող կազմակերպությունների ցանկը տեղակայված է նախարարության պաշտոնական կայք-էջում, խորհուրդ է տրվում դիմելուց առաջ ծանոթանալ ցանկին, քանի որ թարմացվում է:
Կառուցապատման վարկ ստանալու համար անհրաժեշտ է, որ շահառուն սահմանամերձ գյուղական բնակավայրում ունենա հողատարածք՝ համապատասխան շինթույլտվությամբ, ունենա նաև շինաշխատանքների համար նախագիծ, նախահաշիվ և դրական վարկային պատմություն: Շահառուները պետության աջակցությամբ կկարողանան իրենց սեփական տունը կառուցապատել Հայաստանի 5 սահմանապահ մարզի 80 բնակավայրում: Ծրագրի այս տարվա բյուջեն մոտ 485 միլիոն դրամ է:
Գայանե Ղարագյոզյան - Հիմնական նպատակը սահմանամերձ գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումն է, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, ցածր եկամուտներ ունեցողների համար բնակարանային խնդիրների լուծումն է:
Ըստ Գայանե Ղարագյոզյանի` գործընթացը երբեմն երկարում է՝ կապված շինթույլտվությունների հետ: Ծրագիրը հաստատված է 2022-24 թվականների համար: Դիմումներ էլի են ստացվել, որոնք գործընկեր ֆինանսաբանկային կազմակերպությունները ուսումնասիրում են: Առաջարկվող պայմաններին բավարարող յուրաքանչյուր շահառու այսօր էլ կարող է դիմել՝ օգտվելու պետության աջակցությունից: