Ատոմակայանի վերազինման մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին, որի արդյունքում երկարացվեց ատոմակայանի աշխատանքի ժամկետը: Այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը հայտնեց, որ հիմա այդ աշխատանքները երկրորդ փուլում են, որով ատոմակայանի աշխատանքի ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվականը. «Այդ աշխատանքները նախանշված է սկսել իրականացնել սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներից և առաջիկա երկու տարիների ընթացքում կիրականացնենք, որպեսզի մինչև 2036 թվականը աշխատելու մեր թույլտվությունները ստանանք»:
Գնել Սանոսյանի խոսքով՝ նոր ատոմակայանի հետ կապված` աշխատանքներ կան, որի վերաբերյալ որոշումը բավական լուրջ է և բարդ:
«Սկսած քաղաքական, ֆինանսական, էներգետիկ և ժամանակի առումով, այսինքն՝ բազմաթիվ կոմպոնենտներ կան: Դժվարությունն ինչում է. որ նոր ատոմակայանները կառուցվում են 60 պլյուս 40 ժամանակահատվածի համար, այսինքն՝ առնվազն հարյուր տարի կյանք կունենա, և մենք հիմա կարիք ունենք ճիշտ որոշումներ կայացնելու: Երբ որ կառուցենք ենթադրյալ 2035-36 թվականներին, նոր էներգաբլոկ ունենանք, այն ունենա այնպիսի հզորություն, որ առաջիկա տարիներին ճիշտ տեղավորվի մեր էներգետիկ համակարգում: Այժմ հիմնական հզորությունները, որ մեզ անհրաժեշտ են, և մենք օգտագործում ենք, 1200 մեգավատտ է ամբողջ երկրինը: Հիմա ատոմակայաններից շատերը հենց այդպիսի հզորություն ունեն՝ 1000, 1200, 1400, և առաջին հայացքից, եթե այդ հզորությամբ ատոմակայան կառուցենք, կստացվի, որ մեր ամբողջ հարյուր տոկոս պահանջարկը մեկ կայանը կարող է բավարարել: Բայց դա լավ վիճակ և կառուցվածք չէ, երբ երկրի էներգետիկ համակարգը կարող է կախված լինել մեկ կայանից: Կառուցել մեծ հզորությամբ և չօգտագործել դրա հնարավորությունները՝ դա էլ ճիշտ չէ: Դրա համար որոշումները բավականին բարդ են, որպեսզի մենք կարողանանք հաշվարկել՝ 2040, 50 կամ 70 թվականին մեր երկրում էներգիայի ինչպիսի սպառման կարիք կլինի»,- ասել է Սանոսյանը: