Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում մեզ համար կարևոր է որ երաշխիքների համակարգը նախատեսված լինի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ ընդհանրապես, որ երաշխիք չկա՝ գիտեք, դա մեր այսօրվա, հենց այս պահի միջազգային իրադրության ամենակարևոր առանձնահատկությունն է: Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել, որ ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա. այդ թվում՝ սեփական անվտանգության հետ կապված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այն հարցին, որ եթե երաշխիք չկա՝ ինչու է փաստաթուղթ ստորագվում՝ Փաշինյանն ասաց.
«Նախ՝ դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք. ես հույս ունեմ և ես պատրաստ եմ ստորագրել իմ երեկվա ելույթում ասված խնդիրների հասցեագրման շրջանակներում: Եթե ստորագրում ենք, ապա նրա համար, որ առանց դրա ստորագրման երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում, իսկ ստորագրման պարագայում առնվազն հավանականությունը շատ էական մեծանում է»,- ասաց նա՝ նշելով, որ ստորագրելով՝ նեգատիվ զարգացումները չեն լինի այնպիսին, ինչպես կլինեն չստորագրելու դեպքում: