ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին կեղծ բժշկական եզրակացություն տալու գործով դատական նիստը թեև դռնբաց էր, պաշտպանական կողմի առարկությունների պատճառով նիստի տեսանկարահանումն ու անգամ ձայնագրումը նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանը արգելեց: Չնայած Քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ «դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրում»:
Տիգրան Եգորյան (տուժողի ներկայացուցիչ)- Ձայնագրման սահմանափակում, դռնբաց դատական նիստով կիրառելու լիազորություն դատարանը չունի, այդ որոշմամբ դուրս է եկել իր լիազորություններից: Այստեղ քննարկելու կամ կարծիքների հարց չկա:
Արթուր Սարգսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանն անհիմն է համարում նաև տեսանկարահանման արգելքը:
Տիգրան Եգորյան - Ներկայացվեց պատճառաբանություն, որ արգելվում է տեսանկարահանումը, քանի որ պաշտպանության կողմը հնարավոր է` ներկայացնի ամբաստանյալների անձնական կյանքի բաղադրիչ հանդիսացող, բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալներ: ընդ որում, այս կապակցությամբ դատարանը ճշտում կատարեց` այդ տվյալները ներկայացվելու են` այն բանից հետո, երբ միջնորդել են դռնփակ դատական նիստ անցկացնել: Այս պատճառաբանությամբ դռնբաց դատական նիստը, որով պարզվեց, որ ամբաստանյալները չեն պատրաստվում բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակել, սահմանափակելը ակնհայտորեն ոչ իրավաչափ է:
ՄԵՂԱԴՐՅԱԼ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Սա այս գործով երկրորդ նիստն է, որի ընթացքում պաշտպանական կողմը երեք միջնորդություն ներկայացրեց՝ բոլորը մեղադրյալների խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ: Մեղադրյալ Արմինե Հարոյանը, ըստ ներկայացված միջնորդության, մայիսի 31-ից հունիսի 3-ը հրավիրված է կոնֆերանսի՝ Իտալիայում, որտեղ պետք է ներկայացնի Հայաստանը: Մեղադրող դատախազը առարկություն չուներ, իսկ Արթուր Սարգսյանի ներկայացուցիչը առարկեց:
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց միջնորդությունը բավարարել և վերացրեց խափանման միջոց բացակայելու արգելքը: Ամբաստանյալներ Արմեն Չարչյանի և Վարդան Խաչիյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես միջնորդեց վերացնել իր պաշտպանյալների խափանման միջոց բացակայելու արգելքները, քանի որ, նրա պնդմամբ, չի հիմնավորվել, որ իր պաշտպանյալները փախուստի դիմելու մտադրություն ունեն:
Պաշտպանական կողմի հիմնավորումները մանրամասն չեն ներկայացվում նիստի ձայնագրման արգելքի պատճառով:
Դատախազն առարկեց միջնորդությանը՝ պնդելով, որ փախուստի վտանգ, այնուամենայնիվ, առկա է: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Տիգրան Եգորյան - Ինչպես տեսնում եք, խափանման միջոցի հետ կապված որոշումները միշտ չէ, որ դատարանը վերացնում է, ինձ համար այս պահին դեռ չբացատրված պատճառաբանությամբ, ընդամենը հղում կատարելով ողջամիտ կասկածին, բայց միևնույն ժամանակ որոշ ամբաստանյալների թույլատրում է տարբեր կոնֆերանսների մասնակցելու նպատակով լքել ՀՀ-ն և վերադառնալ: Սրանք, մեղմ ասած, մեզ համար թիրախային խնդիրներ չեն, էական էլ չեն, հատկապես հաշվի առնելով այն, որ այս գործով վաղեմության ժամկետի սպառման հետևանքով, որպես այդպիսին, նրանց ազատազրկում չի էլ կարող սպառնալ:
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՒՄ Է 5 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Գործով անցնում է 5 մեղադրյալ: Չարչյանն ու մյուս փորձագետները մեղադրվում են Արթուր Սարգսյանի վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու համար, թե իբր նրա հիվանդությունը համատեղելի է կալանքի հետ: Մինչդեռ Սարգսյանի ներկայացուցիչները բազմիցս պնդել են, որ 1988 թվականից Սարգսյանն ունեցել է Բեխտերևի հիվանդության ծանր աստիճան, որն անհամատեղելի է կալանքի հետ: Հինգ մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Այս գործով դատական հաջորդ նիստը հունիսի 5-ին է:
Հիշեցնենք, որ «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը 2016-ին մեղադրյալ էր ՊՊԾ գնդի գրավման գործով: Կեղծ եզրակացության հիման վրա նա կալանավորվել է, Դատապարտյալների հիվանդանոցում հացադուլ հայտարարել, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ 10 օր անց՝ 2017-ի մարտի 16-ին, մահացել է: