ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Գերմանական տնտեսական թիմի պատվիրակությանը, որի կազմում էին ծրագրերի ղեկավար Դմիտրի Չերվյակովը, ավագ խորհրդատու պավել Բիլեկը և Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն արժևորել է մեր երկրում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը, ներկայացրել հանքարդյունաբերության ոլորտի առաջնահերթությունները, փորձն ու ռազմավարությունը։
Կողմերը քննարկել են կանաչ տնտեսության ներդրման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև դրանց գործարկումը հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։
Գերմանական տնտեսական թիմի պատվիրակության անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ աջակցելու տնտեսական վերլուծությունների իրականացման հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը պատրաստ է համագործակցությունն ավելի ընդլայնելու և զարգացնելու գործում: