Հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից՝ սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մեր մարզիկները նվաճել են մեկ բրոնզ, մեկ արծաթ, մեկ ոսկի:
«Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստներից ևս վեցը մտան ասպարեզ:
Ցավոք, Արամ Աղաջանյանը, Վահագն Չալյանը, Նորիկ Խուրշուդյանը անմասն մնացին մեդալների համար պայքարից, իսկ 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Ոսկե մեդալի ակնկալիք ունեինք կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանից, սակայն մեր մարզուհին եզրափակչում պարտվեց ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և բավարարվեց արծաթե մեդալով:
Ոսկե մեդալ ունենալու այսօրվա վերջին հույսը կապված էր Մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանի հետ. նա եզրափակչում պետք է մրցեր Ռաման Դամյուի (Բելառուս) հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չներկայացավ մրցագորգ, և արցախցի դյուցազունը հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն:
Այսպիսով՝ հայ սամբիստները 2023 թ. Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արման Ավանեսյանը
դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Վարսիկ Գրիգորյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության
արծաթե մեդալակիր: