Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, դեսպանության այլ ներկայացուցիչներ:
Առցանց հանդիպման ընթացքում չինացի տիեզերագնացները, որոնք եղել են տիեզերանավում, շփվել են «Շանհայի համագործակցության կազմակերպության» երկրների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցականների հետ, պատմել տիեզերքում իրենց փորձառության մասին և պատասխանել դպրոցականների հարցերին: Միջոցառմանը երևանյան երեք դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 60 աշակերտ է մասնակցել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ տիզերագնացների հետ առցանց հանդիպումը հայ-չինական բարեկամությունը վերահաստատող ևս մեկ առիթ է, որն իրականացվում է շարունակական համագործակցության շրջանակում:
«Միջոցառմանը մասնակցող շուրջ 60 երեխա միանալու է տիեզերական անձնակազմին, և սա նրանց համար մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ավելի մեծ երազանքներ ունենալու հրաշալի հնարավորություն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ԲՏՃՄ ուղղության զարգացման՝ հանրակրթության բարեփոխումների տրամաբանությանը. «Մենք ցանկանում ենք համապատասխան պայմաններ ստեղծելով՝ մեր երեխաներին մղել դեպի գիտություն, որպեսզի նրանք զարգացնեն իրենց մտքի թռիչքը և փորձեն իրագործել այն»:
Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը 2016 թվականից Չինաստանի «Շանհայի համագործակցության կազմակերպության» հետ երկխոսության գործընթաց է սկսել և ունի գործընկեր երկրի կարգավիճակ:
«Սա լավ առիթ է՝ այդ կազմակերպությունում մեր դերը կարևորելու է,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և շարունակել,- առաջնորդվելով բուհական ինքնավարության փիլիսոփայությամբ՝ խրախուսում ենք առաջադեմ ծրագրերի ներդրումը, օրինակ, Էրազմուս+ և այլ գործիքների կիրառմամբ»:
ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի խոսքով՝ միջոցառումը լավ հնարավորություն է, որպեսզի հայ երիտասարդները ծանոթանան տիեզերագնացության ոլորտում Չինաստանի ձեռքբերումներին և նոր գիտելիքներ ստանան:
«Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, այդ իսկ պատճառով ցանկանում ենք Հայաստանի հետ կիսվել Չինաստանի զարգացման փորձով: Կարծում եմ՝ սա կնպաստի, որ մեծանա հայ երիտասարդների հետաքրքրությունը տիեզերագնացության ոլորտում, ինչն ապագայում կնպաստի նաև երկրի զարգացմանը»:
Դեսպանն ընդգծել է՝ նմանօրինակ միջոցառումները կխթանեն նաև հայ-չինական հարաբերությունների զարգացումը. «Հայաստանն արդեն իսկ արբանյակ է արձակել տիեզերք, այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այս ոլորտում գիտելիքները Հայաստանի համար ևս շատ կարևոր են: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությանը՝ մեզ աջակցելու համար: Կարծում եմ՝ երկու կողմերի շնորհիվ կկարողանանք հայ երիտասարդների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել դեպի Չինաստանը և չինական մշակույթը»: