Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը ապրիլը հռչակել է Հայոց պատմության ամիս։ Այդ մասին համապատասխան որոշումը միաձայն ընդունվեց կառավարիչների խորհրդում։ Փաստաթղթի տեքստում նշված է, որ հատկապես այսօր՝ Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի շարունակության պայմաններում, կառավարիչները կարևոր են համարում խոսել Հայոց ցեղասպանությա մասին, ոչ հայերին իրազեկել Հայոց պատմության մասին:
Քեթրին Բարգեր (Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ) - Ես ներկայացնում եմ Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքը, և Հայոց պատմության ամիսը առիթ է՝ պատվելու այն համայնքի ներկայացուցիչներին, որոնք իրենց գործով ներդրում են ունեցել ոչ միայն Լոս Անջելեսի մարզի, այլև ամբողջ Ամերիկայի և որոշ դեպքերում՝ ամբողջ աշխարհի զարգացման գործում։
Խորհրդի անդամները շեշտում են Հայոց պատմության, ցեղասպանության ողբերգության ու Արցախում ստեղծված վիճակի մասին հանրությանն իրազեկելու կարևորությունը։
Հիլդա Սոլիս (Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի անդամ) - Որպես այս փաստաթղթի համահեղինակ՝ ես հպարտություն եմ զգում, որ կարող եմ կանգնել հայերի կողքին, որոնք կրում են ցեղասպանության հետևանքները։ Մենք գիտենք, որ պայքարը դեռ շարունակվում է, և պետք է իրազեկենք համայնքին ինչպես պատմական, այնպես էլ ներկա իրողությունների մասին։ Սարսափելի է այն, ինչ կատարվում է Արցախում, դա մարդու իրավունքների ոտնահարում է, մարդասիրության ոտնահարում։ Թուրքիան և Ադրբեջանը չեն նպաստում խաղաղության հաստատմանը։ Ահա թե ինչու է նաև կարևոր այս ամիսը նվիրել Հայոց պատմությանն ու իրազեկել Ցեղասպանության մասին։
Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդը ևս մեկ փաստաթուղթ ընդունեց, որով աջակցություն հայտնեց ԱՄՆ-ում հաջորդ մարդահամարի հարցաթերթիկում հայկական ինքնության մասին նշումն ավելացնելու նախաձեռնությանը։ Հարցը դեռևս հանրային քննարկման փուլում է։
Աննա Մուրադյան (Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերի աշխատակազմի ղեկավար) - Սա շատ կարևոր է ոչ միայն Լոս Անջելեսի մարզի, այլև ամբողջ Միացյալ Նահանգների հայ համայնքի համար: Համայնքի վերաբերյալ հստակ տվյալներ ունենալու դեպքում կկարողանանք շատ ավելի արդյունավետ և հասցեական հատկացնել ռեսուրսները, հոգալ համայնքի սոցիալ-տնտեսական և առողջապահական կարիքները, ինչպես նաև ավելի լավ ներկայացնել նրանց շահերը։ Դա շատ մեծ առաջընթաց կլինի հայ համայնքի համար, որը մինչև օրս չունի այս երկրում իր ներկայության մասին տվյալների բազա։
Միացյալ Նահանգների կառավարման և բյուջետային գրասենյակն արդեն պատրաստել է 2030 թվականի մարդահամարի հարցաթերթիկի նախնական օրինակը, որում ներառել է նոր կատեգորիա Միջին Արևելքի ժողովուրդների համար։ Հայկական կազմակերպություններն ու հայաշատ քաղաքներն առաջարկում են սիրիացի, իրանցի և լիբանանցի բնակչության նշումների հետ ավելացնել հայերի համար նշում։ Մասնագետների խոսքով՝ ամերիկահայերի հաշվառումը թույլ կտա վերացնել նրանց մարգինալացումը օրենսդրական, կրթական, լեզվական ու աշխատանքի տեղավորման ոլորտներում։ Նշում են նաև, որ, չնայած Միացյալ Նահանգներում հայերի մեծ թվին, մինչ օրս չի մշակվել հայ համայնքի կարիքները հոգալուն ուղղված քաղաքականություն։ Խնդիրները լուծվել են՝ «ըստ դրանց առաջացման»։
Քեթրին Բարգեր - Մարդիկ կարծում են, թե մարդահամարը պարզապես բնակիչների թիվը հաշվելու համար է։ Դա այդպես է, բայց՝ ոչ միայն։ Մարդահամարը սերտորեն կապված է նաև ռեսուրսների բաշխման քաղաքականության հետ։ Այն մեզ օգնում է վստահ լինել, որ համայնքներին հատկացվող միջոցները համամասնորեն բաժանվեն։ Դա վերաբերում է հատկապես հանրության խոցելի շերտերին։
Մարդահամարի հարցաթերթիկում հայկական կատեգորիան ավելացնելու համար համայնքը պայքարում է արդեն երեսուն տարի։ Ամերիկահայերի իրական թիվը պարզելու արշավին, ըստ Բարգերի, աջակցում են Կալիֆոռնիայի քաղաքների մեծ մասը, ինչպես նաև ամերիկյան այլ նահանգների քաղաքներ։