ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ ԵՆ ԱՎԵՐԵԼ
Ադրբեջանի Սաբունչիի շրջանում վանդալները ռուսական գերեզմանատուն են ավերել: Լրատվամիջոցները գրում են, որ պատճառը ազգային և կրոնական անհանդուրժողականությունն է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է միջադեպը:
«Վնասվել է մեր հայրենակիցների շուրջ 100 գերեզման։ Դա վրդովմունք ու զայրույթ է առաջացնում: Հաշվի առնելով վանդալիզմի մասշտաբները՝ դժվար է այն պատահական խուլիգանություն որակել», - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում` հույս հայտնելով, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
ԱԼԻԵՎՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Իլհամ Ալիևն Ադրբեջանում ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենին: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական շփումների մակարդակը։ Ալիևն ընդգծել է, որ իսրայելական ընկերությունները մեծ ներուժ ունեն և կարող են նպաստել Ադրբեջանի տնտեսության զարգացմանը: Քննարկվել է նաև Իսրայելի ածխաջրածնային պաշարների արդյունահանման գործում SOCAR-ի մասնակցության հնարավորությունները։
Քոհենն էլ Իսրայելի կառավարության անունից ողջունել է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատուն բացելու նախաձեռնությունը, նա նշել է, որ Իսրայելից Ադրբեջան զբոսաշրջային հոսքն աճել է, բարձր մակարդակի վրա է նաև ապրանքաշրջանառությունը:
Ալիևը և Քոհենը համաձայնել են, որ իրենց երկրները կարող են զարգացնել գործակցությունը գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, ներդրումների, գիտության, կրթության, մշակույթի և անվտանգության ոլորտներում:
Իսրայելական պատվիրակությունը մասնակցել է նաև Ադրբեջանի և Իսրայելի միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության մասին համաձայնագիր։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների համար Բելառուսից հետ կանչել իր դեսպանին: Պատճառը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի կողմից Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դենիս Պուշիլինի՝ ապրիլի 18-ին Մինսկում կայացած հանդիպումն է։
Գերատեսչությունից հավելել են, որ Լուկաշենկոյի և Պուշիլինի բանակցությունները Կիևը համարում է «բացահայտ ոչ բարեկամական քայլ»։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՄԵԿՆԵԼ Է ՎՈԼԻՆԻ ՇՐՋԱՆ
Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Վոլինի շրջան, որը գտնվում է Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի սահմանների հատման կետում։ Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են պետական սահմանի բարեկարգման և պաշտպանության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել էր Դոնեցկի Ավդեևկա քաղաք, այցելել առաջնագիծ, ծանոթացել մարտի դաշտում ստեղծված իրավիճակին։ Ավդեևկան, ինչպես և Բախմուտը, մարտական գործողությունների կիզակետում է:
Օրերս էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Խերսոնի և Լուգանսկի շրջանների ռազմական շտաբներ:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ երկրի Զինված ուժերն ամեն օր ակտիվ գործողություններ են իրականացնում Ավդեևկայի, Բախմուտի, Մարյինկայի և Լիմանի ուղղություններում, ինչը, նրա խոսքով, կարելի է համարել «հակահարձակման գործողություններ»:
Աննա Մալյարը հավելել է՝ պետք չէ ակնկալել, որ ուկրաինական կողմը կոնկրետ պահի և կոնկրետ ուղղությամբ հակահարձակման մեկ գործողություն կսկսի:
ՍՈՒԴԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ
Սուդանում 5 օր է՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ծանր բախումներ են, մասնավորապես, մայրաքաղաք Խարդումում: Երկրի կանոնավոր բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև մեկօրյա հրադադար հաստատելու ևս մեկ փորձ է ձեռնարկվել: Ավելի վաղ՝ ամերիկյան միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարի ռեժիմը խախտվել էր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ Սուդանում բախումների պատճառով զոհվել է առնվազն 300 մարդ, ավելի քան 2600-ը վիրավորվել է։ Տուժածների մեծ մասը քաղաքացիական անձինք են:
Բախումների պատճառով տասնյակ հիվանդանոցներ փակվել են, բնակիչները ջրի և էլեկտրականության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, սննդամթերքի գներն աճում են:
Փոխհրաձգությունների կիզակետում է հայտնվել նաև Խարթումի միակ հայկական եկեղեցին։ Լրատվամիջոցները գրում են, որ եկեղեցին վնասներ չի կրել:
ՉԺՀ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՋԱՆՔԵՐԻՆ
Չինաստանի իշխանություններն աջակցում են ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելուն ուղղված՝ եվրոպական երկրների ջանքերին, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը: Նա հիշեցրել է, որ վերջերս Էմանուել Մակրոնի՝ Չինաստան այցի ժամանակ երկու երկրի ղեկավարները մանրամասն քննարկել են ուկրաինական ճգնաժամը։
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Մակրոնը իր խորհրդականին հանձնարարել է չինական կողմի հետ մշակել մի ծրագիր, որը կարող է հիմք ծառայել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա բանակցությունների համար: