Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի շանսերն այս տարի չեն գերազանցում 50 տոկոսը՝ հայտարարել է «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Վրաստանին կարգավիճակ շնորհելու մասին ԵՄ որոշումը կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները տարածաշրջանում։
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունից հայտնել էին, որ Թբիլիսին առաջին անգամ զեկույց է պատրաստել Եվրամիությանն անդամակցության համար Կոպենհագենի չափանիշներին տարբեր ոլորտներում համապատասխանության մասին: Զեկույցը պետք է ներկայացվի Եվրահանձնաժողովին: Վերջինս իր գնահատականը պետք է հրապարակի 2023 թվականի աշնանը, որի հիման վրա տարեվերջին Եվրոպական խորհուրդը պետք է քննարկի Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը: