Երևանում տրանսպորտի առումով լայնածավալ աշխատանքներ են տարվում. դրանք սկսվում են նոր ավտոբուսների գնման գործընթացից մինչև երթուղիների ցանցի որոշակի վերափոխումներ կամ ընդարձակում: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Վերջնարդյունքում մենք այդ բոլորի հետ նաև միասնական տոմսային համակարգ ենք մտածում ունենալ: Նաև կունենանք հավելվածներ, որոնց մի մասն արդեն մշակված է, և որով մեր քաղաքացիները կարող են հեշտությամբ իրենց հեռախոսի վրա տեսնել` որ երթուղու որ ավտոբուսը քանի րոպեից հետո որ կանգառում կլինի, և այդպես նաև պլանավորեն իրենց գրաֆիկը: Մենք այդ ուղղությամբ որոշակի էլեկտրոնային համակարգ արդեն ունենք, ընդ որում՝ ոչ միայն Երևանի համար՝ նկատի ունենալով, որ երբ հետո մարզերում էլ կունենանք կանոնավոր ուղևորափոխադրումներ, հավելվածը նաև մարզերի համար կծառայի:
Երևանի դեպքում առաջիկայում տոմսային ընդհանուր համակարգի կանցնենք, կարծում եմ՝ դրանով խնդիրը կլուծվի: Մենք պետք է վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային ցանցի երկթուղիները ճիշտ համադրենք»,- ասաց Սանոսյանը՝ նշելով, որ Երևանում ևս 150 նոր ավտոբուսների երթուղիներում հայտնվելը մայրաքաղաքում բավականաչափ կլուծի խնդիրը: