ԼԱՉԻՆԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: «Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ զրկանքների են ենթարկվում՝ չունենալով բավարար քանակությամբ սնունդ և դեղորայք: Դա ցեղասպանություն է թվում, սակայն մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Դա նույն երևույթն է՝ անկախ նրանից՝ դա Ադրբեջանն է իրագործում, թե Թուրքիան»,- նշել է կոնգրեսականը: Ֆրենկ Փալոնը նաև ընդգծել է, որ ադրբեջանական այս ագրեսիան ուղղված չէ միայն Արցախի դեմ: Ադրբեջանի բանակը շարունակում է ներխուժումները Հայաստան՝ փորձելով ավելի շատ տարածքներ գրավել: Փալոնը ևս մեկ անգամ շեշտել է ԱՄՆ կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիությունը:
ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈՒՆԸ՝ ԱԼԻԵՎ-ՕԼՍՈՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվել է երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը նշել է, թե Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Նրա խոսքով՝ Բաքուն հինգ սկզբունք է առաջարկել՝ որպես «խաղաղության պայմանագրի հիմք»։ Օլսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս համատեքստում շեշտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը:
ԼԱՎՐՈՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԻԿԱՐԱԳՈՒԱ ԵՎ ԿՈՒԲԱ
Ռուսաստանն ու գործընկերները դեմ կլինեն Ասիա-խաղաղօվկիանոսյան կամ այլ տարածաշրջաններում անվտանգության գլոբալ երաշխավորի դեր խաղալու ՆԱՏՕ-ի փորձերին՝ Նիկարագուա կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Լատինական Ամերիկան դառնում է բազմաբևեռ աշխարհի ազդեցիկ կենտրոն: Նրա խոսքով՝ բազմաբևեռությունը պատմական գործընթաց է, որը հնարավոր չէ կասեցնել, թեև հավաքական Արևմուտքը փորձում է դա անել։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Նիկարագուա կատարած այցից հետո մեկնել է Կուբա։ Նա հանդիպել է հանրապետության արտաքին գործերի նախարարի և նախագահի հետ: Կուբան Լավրովի՝ Լատինական Ամերիկա կատարած շրջագայության վերջին կանգառն է:
ԻՐԱՆ-ԱԷՄԳ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ. ԷՍԼԱՄԻ
Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցություններում առաջընթաց կա` հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը: Մոհամմադ Էսլամիի խոսքով՝ տեխնիկական ու փորձագիտական պատվիրակություններն ամեն օր շփման մեջ են: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտնել էր, որ Իրանի տեխնիկական բանակցությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ շարունակվում են։ Նա հույս էր հայտնել, որ գործակալության ջանքերը հեռու կլինեն քաղաքական ճնշումներից։ Մատնանշելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի՝ վերջերս Իրան կատարած այցը, Քանանին ընդգծել էր, որ Իրանի տեխնիկական բանակցությունները գործակալության հետ շարունակվում են՝ հիմնվելով կողմերի համատեղ հայտարարության վրա: