ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԸ ԽԱՓԱՆՎԵԼ Է
Ադրբեջանական Azersky արբանյակը խափանվել է տիեզերական աղբի կամ փոքր երկնաքարի հետ բախվելուց հետո։ Azerkosmos գործակալության տվյալով արբանյակի հետ կապը վերականգնելու փորձերը ձախողվել են: Արբանյակի կոմերցիոն գործունեության սկզբից ի վեր այն 61 մլն դոլարի շահույթ է ապահովել։ Բացի այդ, 88 մլն դոլարին համարժեք արբանյակային պատկերներ են փոխանցվել տարբեր պետական մարմինների ու հիմնարկների։ Վնասված արբանյակը արտադրվել և Ադրբեջան է առաքվել ֆրանսիական ընկերության կողմից։ Այն ուղեծիր է արձակվել 2014 թվականի հունիսին և օգտագործվել ազգային անվտանգության, պաշտպանության, շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակներում, նավթի և գազի ոլորտում, ջրի կառավարման և այլ նպատակներով: Ադրբեջանին են պատկանում ևս երկու հեռահաղորդակցական արբանյակներ:
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀԵՏԵՎԵԼ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Թուրքիան մտադիր չէ հետևել մի շարք երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, սակայն պարտավոր կլինի միանալ սահմանափակող միջոցներին, եթե դրանք կիրառվեն ՄԱԿ-ի կողմից, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամների հնգյակում ենք։ Մենք պետք է նախևառաջ առաջնորդվենք սեփական շահերով»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով. «եթե Անկարան հետևի այս կամ այն պետության կողմից սահմանված պատժամիջոցներին և հրաժարվի իր սկզբունքներից, ապա կդադարի հաշվի առնել իր շահերը»։
ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶԵԼԵՆՍԿԻԻ ՀԵՏ
Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով մեկնել է Ուկրաինա: Այցի շրջանակում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ: Հանդիպման ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն ՈՒկրաինային անդամակցություն առաջարկի: Նա ընդգծել է նաև, որ Կիևին ավելի շատ զենք է անհրաժեշտ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Ստոլտենբերգը ևս նշել է, որ Ուկրաինայի արժանի տեղը ՆԱՏՕ-ում է:
«Մենք պետք է շարունակենք ուժեղացնել Ուկրաինայի զինված ուժերը և ապահովենք, որ հուսալի պայմանավորվածություններ լինեն Ուկրաինայի անվտանգության համար: Ձեր վճռականությունից հստակ երևում է՝ Ուկրաինան կհաղթի»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն ու անվտանգության երաշխիքները կլինեն դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի օրակարգում:
Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է Ուկրաինա՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մասնակցել է նաև «Քաղաքների և շրջանների միջազգային գագաթնաժողով»-ին: Գագաթնաժողովին ներկա են եղել Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներ, եվրոպական քաղաքների քաղաքապետեր, օտարերկրյա համայնքների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի ընթացքում Զելենսկին պարգևատրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻՑ ԿԻԵՎԻՆ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՌԴ-ԻՑ
Հարավային Կորեայի կողմից Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու որոշումը կախված կլինի Մոսկվայի գործողություններից, հայտնել են Հարավային Կորեայի նախագահի գրասենյակից: Yonhap գործակալությունը գրում է, որ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Մոսկվան մեկնաբանություններ է անում մի բանի շուրջ, որը տեղի չի ունեցել
:«Մենք կարող ենք դրան հակառակ կողմից նայել. այն, ինչ մենք կանենք ապագայում, կախված կլինի Ռուսաստանի գործողություններից», - հայտարարել է պաշտոնյան:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կիևին զենքի ցանկացած մատակարարում դիտվում է որպես հակառուսական գործողություն:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որում ընդգրկված է 182 մարդ: Նախորդ ցանկը հրապարակվել էր փետրվարին: Երկու ամսում քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ցանկը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը:
Վերջինս տեղեկացրել է, որ ցանկում ավելացել է 89 նոր անուն: Նրա խոսքով՝ ձերբակալվածները կրոնական ակտիվիստներ են, «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ և աստվածաբաններ: Նշվում է, որ նրանց ձերբակալություններն ուղեկցվել են իշխանամետ ԶԼՄ-ներում քարոզչական արշավով՝ որի նպատակն էր հանրությանը համոզել, թե ձերբակալվածներն «իրանական լրտեսական ցանցի գործակալներ են»: