ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը տեղեկացրել է, որ Կապիտոլիումի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Հստակ զուգահեռներ կան անցյալի այդ հանցագործությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև։ ԱՄՆ-ը պետք է արագ գործի, որպեսզի կանխի ճգնաժամը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը:
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ էլ Փալոնը նշել է, որ Արցախում նախորդ տարիների և այժմ շարունակվող ագրեսիան, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն:
Կոնգրեսականի խոսքով՝ Հայկական հարցերով հանձնախմբի անդամները բազմիցս հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարությանը, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է: Փալոնը նաև հիշեցրել է, որ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և բարձր է գնահատել նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: