Հայաստանը տպավորիչ տեմպերով առաջ է ընթանում. այս տարի ուղևորաշրջանառության 25 տոկոսը բաժին է հասել հայկական ավիաուղիներին
Ազգային ժողովը ապրիլի 20-ին շարունակել է արտահերթ նիստում քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:
ԱԺ կայքի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոռոգման ցանցի բարեփոխմանն ու նոր ջրամբարների կառուցմանը, համայնքային անբարեկարգ ճանապարհների վերանորոգմանն ու ճանապարհաշինական ծրագրերին, ընդերքօգտագործման հարցերին, մասնավորապես, ավազի ապօրինի արդյունահանմանը, սուբվենցիոն ծրագրերին, մանկապարտեզների կառուցմանը, Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանմանն ու ՀՀ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանը, համայնքներում մարզադահլիճների և լողավազանների կառուցման հնարավորությանը և այլն:
Անդրադառնալով ճանապարհաշինության և դրանց վերանորոգման հարցերին` նախարարը նշել է, որ ճանապարհները, որոնց մասին բարձրաձայնվում է, իրոք, վատթար վիճակում են. «Ամեն տարի ուսումնասիրում ենք 1500-1600 կմ ճանապարհներ, 1000-ի նախագիծն ենք կազմում, որպեսզի 800 կմ ճանապարհի շինարարություն սկսենք, որ վերջնարդյունքում մոտ 500 կմ ասֆալտապատենք: Առաջնահերթ վերանորոգվում են միջպետական, ապա՝ հանրապետական ու տեղական նշանակության ճանապարհները»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը նախարարից հետաքրքրվել է, թե ինչու ճանապարհները սահմանված ժամանակում չեն հանձնվում շահագործման:
«Շինարարական ներուժը մեր ցավոտ կողմերից մեկն է: Ընկերությունները մասնակցում են այնպիսի մրցույթների, որոնք պատրաստ չեն իրականացնել: Երբեմն մարդուժի խնդիր ևս ունենում ենք»,- ասել է նախարարն ու հավելել, որ հարևան երկրների գործընկերներին հանդիպելիս, ի թիվս այլ հարցերի, նշում են նաև, որ կարող են իրենց երկրի շինարարական ընկերությունները մասնակցել մեր երկրում իրականացվող շինարարական աշխատանքներին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը նախարարից հետաքրքրվել է Արաքս գետի ափամերձ և սահմանամերձ հատվածներից ավազի արդյունահանմամբ` նշելով, որ անօրինական արդյունահանումն ավելացել է: Պատգամավորի տեղեկացմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Արաքս գետի ափամերձ շրջաններ և ամեն ինչ տեսել սեփական աչքերով: Հայկ Ցիրունյանի խոսքով՝ տնտեսվարողները խնդրում են արդիականացնել նոր հանքերի կամ եղածի ծավալների ավելացման լիցենզավորման կարգը:
«Անհրաժեշտ է նաև ավելացնել տեսչական մարմինների վերահսկողական գործառույթներն ու լիազորությունները»,- ասել է պատգամավորը` պարզաբանելով, որ առաջարկների նպատակը գետի ավազի ճիշտ լվացումն ու, հետևաբար, գետի պահպանությունն է:
«Կարևոր, ցավոտ և լուրջ խնդիրներ ունեցող ոլորտ ու հարց է: Այս խնդրի լրջությունը գիտակցելով` վարչապետի հանձնարարությամբ և որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն երկու նիստ իրականացրել է: Խմբում ընդգրկված են մի շարք մարմինների ներկայացուցիչներ: Հարցը բավական նուրբ է: Ամեն ինչ փակել, դադարեցնելն առաջին հայացքից կթվա հեշտ, բայց, մյուս կողմից, դա կբերի նրան, որ որոշ հատվածներում ստիպված կլինենք ամեն օր հսկել, որ նոր ապօրինի հանքեր չբացվեն մեկ գիշերում, երբ ինչ-որ տարածք սկսում են փորել, չորս մեքենա ավազ տանել, և հետո այդ տարածքը դառնա կիսաճահիճ մի վայր: Երկրորդ խնդիրը երկրում ընթացող մեծածավալ շինարարությունն է, որին չպետք է վնասել»,- ի պատասխան ասել է նախարարը: Ըստ նրա` առաջին հերթին պետք է ֆիքսել այն տնտեսվարողներին, որոնց գործունեության հետևանքով Արաքսի հունի փոփոխություն է եղել, ինչն անթույլատրելի է: «Այդ ընկերություններին պետք է պարտադրել վերականգնել գետի հունն իրենց միջոցներով»,- ընդգծել է Գնել Սանոսյանը: Նա հույս է հայտնել, որ աշխատանքային խումբը խնդրի ճիշտ լուծումները կգտնի:
Ի թիվս այլ հարցերի` գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև օդային տրանսպորտի թեմային ու նկատել, որ Հայաստանը տպավորիչ տեմպերով առաջ է ընթանում. այս տարի ուղևորաշրջանառության 25 տոկոսը բաժին է հասել հայկական ավիաուղիներին:
««Զվարթնոցը» գերծանրաբեռնված է աշխատում, օրական 96 ինքնաթիռ է թռիչք ու վայրէջք կատարում: Շենքային պայմաններն ընդարձակելու և մի շարք այլ ծառայություններ ավելացնելու նպատակով փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել: Օդանավակայանի մեր գործընկերները ներդրումային ծրագիր ու առաջարկներ ունեն, քննարկում ենք` ինչ անել»,- նշել է գերատեսչության ղեկավարը:
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի` համայնքների խոշորացման` հաջողած լինելու մասին հարցին` նախարարը նշել է, որ նախագիծն իր նպատակին հասել է:
«Համայնքների կարողություններն ու դոտացիաները գրեթե կրկնակի աճել են, խոշորացված միավորները հիմա ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, քան նախկինում` ամբողջ մարզը: Խոշորացման նախագիծը շատ արդարացված ու հաջողված է, համայնքները դրանից միայն շահել են»,- ասել է Գնել Սանոսյանը:
Քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ պատգամավորները ելույթներ են ունեցել, որոնք վերաբերել են հիշյալ տարում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին, անվտանգային համակարգին, խաղաղության գործընթացին, առևտրաշրջանառությանը, ներդրումներին, Հայաստան-Վրաստան հարաբերություններին ու դրանց կարևորությանը: Նշվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վրաստանի իշխանությունների համաձայնեցրած` Բավրա-Ախալքալաք ճանապարհահատվածն արդեն կառուցվել է, ուշադրություն է հրավիրվել նաև Բավրա-Աշոցք ճանապարհահատվածի նորոգման անհրաժեշտությանը: