Կվերականգվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» կամ առավել հայտնի «Բանվորի արձանը»: Վերականգնման և տեղադրման աշխատանքների համար կհայտարարվի մրցույթ, որի համար կտրամադրվի 80 մլն դրամ։
Ալֆրեդ Քոչարյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Երկու շաբաթվա ընթացքում արդեն կկարողանանք հայտարարել մրցույթը, իսկ ինչ վերաբերում է տևողությանը, լինելու է երկփուլ մրցույթ, այսինքն՝ սկզբից լինելու է նախաորակավորում մասնակիցների, հետո առաջին փուլ, երկրորդ փուլ, որտեղ մենք կստանանք էսքիզը, այսինքն՝ էդ միջավայրի, դրանից հետո արդեն կլինի շինարարական աշխատանքների մրցույթ:
Հանրային լսումների ընթացքում որոշվել է վերականգնումն իրականացնել ինստալյացիայով: Արձանը կտեղադրվի Գործարանային մետրոյի շրջակայքում, բայց ոչ` նույն տեղում, քանի որ տարածքն արդեն զբաղեցված է կառույցներով: Պատասխանատուները նշում են, որ վերականգնումը ժամանակատար է լինելու, քանի որ ծրագրում ներառված է նաև շրջակայքի բարեկարգում:
Մարիամ Դավթյան (Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ) - Մայթի լայնեցում պետք է լինի, գեղեցիկ տարածք պետք է իրականացվի` հատուկ լուսավորմամբ և այլն: Գործարանային մետրոյի կայարանին կից հատվածն է դիտարկվում և կայարանի ներսի որոշակի հատվածներ, այսինքն՝ կառամատույցի և տոմսարկղի հատվածը, այդ նախասրահի հատվածի տարածքներն են դիտարկվում, թե արդեն նախագիծը ներկայացնող ստեղծագործական խումբը՝ քանդակագործ, ճարտարապետ, այդ սինթեզի ընթացքում ինչ նախագիծ կստանա, և որ տարածքները իրենք կընդգրկեն իրենց նախագծի մեջ, դա արդեն պարզ կլինի մրցույթի ընթացքում:
Արձանը ներկայացնում էր հայ աշխատավորի կերպարը, որը քայլում էր դեպի Արևմտյան Հայաստան։ 11-մետրանոց արձանը 1982 թվականին տեղադրվեց Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանին հարակից հրապարակում: 1997-ին մասնատվեց և ապամոնտաժվեց: Ու դեռևս պարզ չէ, թե ինչպես էր թուջե կոթողը հայտնվել մասնավոր տարածքում:
Մարինա Հակոբյան (Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն) - Սա շատ սպեցիֆիկ աշխատանք է, սա պարզապես արձանի վերականգնում չէ, այն իր հիմքում ունի մշակութային վանդալիզմի դեմ պայքարի խորհրդանիշ, և փաստորեն էնպես է ստացվում, որ մեկ ուրիշ արձանի մասերից մենք ձևավորում ենք մեկ այլ արձան, իրականում այդպես ուղիղ ասել «վերականգնում» այդքան էլ երևի ճիշտ չէ:
Ամբողջական արձանից պահպանվել են մասնատված գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանի հետևի հատվածը։ Նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բանվորի արձանը» ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվեցին արձանի գլուխն ու բռունցքը։
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան