ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:
«ՀՀ ԱԳ նախարարությունը արձագանքել է, և ես նոր էլ ասացի, որ, ընդհանուր առմամբ, կիսում եմ ձեր գնահատականները ելույթի վերաբերյալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը, մյուս կողմից` ես նաև արձանագրում եմ, որ հենց սադրանքի նպատակը դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսները: Մենք հանգիստ մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների այն մտահոգությանը, թե Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատվում է նրա ինքնորոշման իրավունքից՝ Փաշինյանն ասաց.
«Ես Արցախի ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասածն ուրիշ բան է: Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել, բայց իմ կարծիքով՝ մեծ հաշվով, սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալին, թե փաստարկների դաշտում ինչ հակափաստարկ է հնչել: Ես ասում եմ՝ եկեք գնահատականները մի պահ թողնենք մի կողմ, որովհետև այն, ինչ դուք ասում եք, գնահատականների մեջ որևէ նորություն չկա. սկսած՝ որ դավաճանություն է, սկսած՝ որ դավաճանություն չի. եկեք բովանդակության մեջ խորանանք և տեսնենք` ինչ է նշանակում այդ բովանդակությունը:
Իմ զեկույցում հստակ արձանագրել եմ հետևյալը, որ 2007 թվի արձանագրումը՝ Մադրիդյան սկզբունքների ինքնորոշման ձևակերպումը, տրված է այնպես, որ ինքնորոշման իրավունքը, և նախկին հարցուպատասխանի ժամանակ էլ ասել եմ` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և ես ասում էի, որ մենք, չառերեսվելով այս իրականության հետ, մեր բոլոր պրոբլեմները և զուգահեռ ցանկալի իրականությունն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Մենք այս իրադրության հետ պետք է առերեսվենք»:
Նա ավելացրեց, որ ընդդիմության առաջարկներն արդեն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ: «Իմ ակնկալիքն է, որ ֆունդամենտալ պրոբլեմներին եկեք անդրադառնանք. ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, մենք եկել, տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք ասել: Ես 2018 թվականից փորձել եմ բանակցային սենյակներում և ժողովրդի հետ խոսակցությունը լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: