Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիտվա պաշտոնական այցի 2-րդ օրը հանդիպել է լիտվացի իր պաշտոնակցին: Լիտվայի Հանրապետության նախագահի նստավայրում Վահագն Խաչատուրյանին դիմավորել են պաշտոնական արարողակարգով:
Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Այնուհետև երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:
Երկու երկրների գործակցության հեռանկարները Հայաստանի նախագահը քննարկել է նաև Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Չմիլիտե Նիլսենին:
Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Անտակալնիսի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին:
Պաշտոնական հանդիպումներից զատ` նաև տեղի է ունեցել հայ-լիտվական գործարար համաժողով, որում բացման խոսքով են հանդես եկել երկու երկրների նախագահները: Համաժողովի ընթացքում Հայաստանի և Լիտվայի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները գործակցության և փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագրեր և հուշագրեր են ստորագրվել նաև համաժողովի մասնակից հայ և լիտվացի գործարարների միջև:
Լիտվա այցի առաջին օրը նախագահը հանդիպել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանային խնդիրները:
Խաչատուրյանը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են Հայաստանի անվտանգային խնդիրներին։
Նախագահի պաշտոնական այցի վերջին օրը՝ վաղը, նախատեսված է նաև աշխատանքային ճաշ՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի անունից:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան