Գոհար Վարդանյան (ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետի պաշտոնակատար) - Վաղվանից կսկսենք կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ստուգումները:
Ստուգողներին՝ Սննդի տեսչությունից կաթնամթերքի բիզնեսն այս անգամ ինքն է խնդրել ձեռնարկություններ արտահերթ ուսումնասիրության գնալ։ Ուզում են հնարավորինս շուտ ցույց տալ արտադրական ցիկլը, որ կարողանան վերականգնել ապրանքի արտահանումները դեպի Ռուսաստան։ Նախօրեին հայտնի դարձավ՝ Մոսկվայում բանակցությունների ժամանակ որոշվել է, եթե պարզվի՝ հումքի ծագման խնդիր այլևս չկա, սահմանված արգելքը կվերացվի։ Իսկ խնդիրը, պարզվում է, եղել է հայկական կարագի, բայց նաև պանրի մեջ օգտագործված իրանական սերուցքը, որն արտադրող տվյալ ընկերությունը ԵԱՏՄ ընդհանուր ռեեստրում գրանցում ունեցել է, ռուսականում՝ ոչ։ Այդ նրբությունն էր դարձել տնտեսական սանկցիայի պատճառ: ՍԱՏՄ-ն հիմա փուլ առ փուլ ստուգումներ կիրականացնի և «Ռոսսելխոզնադզորին» կտեղեկացնի, որ հումքի հետ կապված հարցը լուծվել է, բացատրում են տեսչական մարմնից։
Գոհար Վարդանյան - Դեռևս 5 տնտեսվարողի կդիտարկենք, նոր կանցնենք մյուսներին և լիահույս ենք, որ մեր արտահանման ծավալները կվերականգնենք:
Մասնագետներն ընկերություններում ստուգելու են կաթնամթերքի արտադրության ամբողջ շղթան՝ պատրաստի ապրանքի հավաստագրման ցուցանիշներից մինչև հումքի մատակարարում։ Հումքը, շեշտել են, ցանկալի է՝ հայկական լինի, բայց ներկրվածն էլ խոչընդոտ չէ, միայն թե այն արտադրող կազմակերպությունը գրանցում ունենա ռուսաստանյան ռեեստրում։ Այնպես որ, տնտեսվարողներին Գոհար Վարդանյանը հորդորում է գրանցվել, ստուգումն անցնել, որ «Ռոսսելխոզնադզորը» թույլատրի՝ պատրաստ լինի ապրանք ուղարկել ռուսական շուկա։
Գոհար Վարդանյան - Հիմնականում արտահանվում են պանիր ու կարագ, մյուս կաթնամթերքը՝ ավելի քիչ, դե, սեզոնը սկսվում ա՝ շուտով նաև պաղպաղակի արտահանումը կսկսվի:
Սկսված գործընթացի արդյունքում սահմանափակումը ե՞րբ կհանվի՝ հստակ ժամկետ առայժմ չի նշվում։