Սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի բեռը մեզ համար առաջին թիրախային ուղղություններ են: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի՝ քաղցկեղի դեմ պայքարի պետական քաղաքականության վերաբերյալ հարցին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա արձանագրեց, որ վերջին տարիներին անընդհատ ավելանում են թե՛ սքրինինգային ծրագրերը, թե՛ վիրահատական ծառայությունները: «Մենք տեսնում ենք, որ այս հատվածական ռեսուրսների ավելացումը, իհարկե, շատ մեծ դեր է խաղում, բայց շատ կարևոր է, որ հենց սկզբից՝ վաղ հայտնաբերումից՝ սքրինինգներից մինչև ամբողջական առողջացումը, քաղաքացին ստիպված չլինի ինքը կրելու այդ ֆինանսական բեռը, ինչը նաև դրված է համափարփակ ապահովագրության մեջ»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նորագոյացություններից մահացության վիճակագրական տվյալների մեջ կա բարելավում: «Ընդհանուր առմամբ, 2019 թվականին մահացությունը կազմել է 5485, 2022-ին՝ 5161. պետք է հաշվի առնենք, որ քովիդի ժամանակ, ընդհանուր առմամբ, բժշկական ծառայությունների հասանելիության որոշակի արգելքներ կային, բայց նվազումն ակնհայտ է, սա հստակ ցույց է տալիս, որ պետական միջոցները, որոնք ուղղվել են քաղցկեղի դեմ պայքարին, հասել են իրենց նպատակներին»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանում բացվել է նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող պալիատիվ կենտրոն: «Աշխատանքներ են ընթանում նաև ճառագայթային բուժօգնության ավելի նոր սարքավորումներով հագեցվածության համար: Այս պահին երկու ԲԿ-ներ նոր սարքավորումներ ձեռք բերելու գործընթացի մեջ են»,- ասաց նա: