ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Բաշար Ասադը ընդունել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդին: Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հակամարտության բոլոր հետևանքները լուծելու և ազգային հաշտեցման հասնելու հեռանկարը:
Ֆեյսալ Բին Ֆարհանը հանդես է եկել Սիրիայի բոլոր շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու համար պայմաններ ստեղծելու օգտին: Նա նաև ընդգծել է սիրիացի փախստականներին և ներքին տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու համար պատշաճ պայմանների ապահովման կարևորությունը:
Ասադը կարծիք է հայտնել, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ավելի անհրաժեշտ են դարձնում արաբական երկրների գործակցությունը:
Լրատվամիջոցները գրում են, որ Սիրիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը տարածաշրջանում Սիրիայի տասնամյա մեկուսացմանը վերջ տալու ուղղությամբ ամենանշանակալի քայլերից է:
ԿԺԴՀ-Ն ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ 1-ԻՆ ԱՐԲԱՆՅԱԿԻ ԱՐՁԱԿՄԱՆԸ
Կիմ Չեն Ընը հրամայել է նախապատրաստվել հյուսիսկորեական հետախուզական առաջին արբանյակի արձակմանը, որը պետք է ընդլայնի Փհենյանի կողմից տվյալների հավաքագրման հնարավորությունները։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը համապատասխան հանձնարարականներ է տվել Տիեզերական հետազոտությունների պետական վարչություն այցի ընթացքում։ Նա նշել է՝ հակառակորդ ուժերի ռազմական պլանների և տեղաշարժերի մշտական մոնիթորինգը հույժ կարևոր է երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան սպառնում են Հյուսիսային Կորեայի անվտանգությանը, Կորեական թերակղզում և հարակից շրջաններում տեղակայում են զինտեխնիկա, այդ թվում՝ միջուկային ավիակիրներ։
Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի որոշման հետ կապված: Երկրի կառավարությունը հայտարարել է, որ ռազմական հետախուզական արբանյակի արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ակնհայտ խախտում է:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ԱՎԵԼԻ ՔԱՆ 7 000 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ
Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 7 հազար զինծառայող անհետ կորած է համարվում՝ հայտնել է Ուկրաինայի հատուկ հանգամանքներում անհետ կորած անձանց հարցերով հանձնակատարը։
«Նրանց մոտ 60-65%-ը, հավանաբար, գերության մեջ է։ Ուկրաինական կողմը աշխատանք է տանում գերությունից ազատված մարտիկների հետ, նրանք պատմում են՝ որտեղ են եղել, ուկրաինացի քանի զինվորականի են տեսել։ Այդպիսով հասկանում ենք գերեվարվածների մոտավոր թիվը»,- պարզաբանել է Օլեգ Կոտենկոն:
Նա հույս է հայտնել, որ զինվորականները վաղ թե ուշ կհայտնվեն փոխանակման ցուցակում և կվերադարձվեն ուկրաինական կողմին:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴՈՆԵՑԿԻ ԱՎԴԵԵՎԿԱ ՔԱՂԱՔ
Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Դոնեցկի Ավդեևկա քաղաք, այցելել առաջնագիծ՝ հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Հրամանատարները նրան զեկուցել են մարտի դաշտում ստեղծված իրավիճակի մասին։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել զինվորականներին ուկրաինական տարածքները պաշտպանելու համար և պարգևներ հանձնել նրանց:
Ավդեևկան, ինչպես և Բախմուտը, մարտական գործողությունների կիզակետում է, այն պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների ու գրոհների: Մինչև պատերազմը քաղաքում բնակվում էր ավելի քան 32.000 մարդ, այժմ այդ թիվը 2000-ից պակաս է:
Նշենք, որ օրերս Վլադիմիր Պուտինն էլ այցելել էր:
ՉԺՀ-Ն ԵՐԲԵՔ ԶԵՆՔ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՌԴ-ԻՆ ԿԱՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ՍՅԱՈՄԻՆ
Չինաստանը երբեք զենք չի մատակարարել Ռուսաստանին կամ Ուկրաինային՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանի կառավարության ներկայացուցիչ Լյու Սյաոմինը։ Նա հավելել է, որ Չինաստանը ո՛չ հրահրում է, ո՛չ էլ մասնակցում ռուս-ուկրաինական հակամարտությանը:
«Իսկ այս հարցում Չինաստանին ուղղված Վաշինգտոնի խորհուրդներն ու շանտաժը մենք անընդունելի ենք համարում»,- նշել է Լյու Սյաոմինը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Պեկինի կողմից Ռուսաստանին մահաբեր զենքի հնարավոր մատակարարումը կարմիր գիծ կլինի Վաշինգտոնի համար:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են ամրապնդել երկրների զինված ուժերի համակարգումը։