Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մահ:
Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում՝
-
սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ.
-
չհավաքել սունկ ճանապարհների եզրերից.
-
ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց.
-
չուտել հում սունկ.
-
երեխաներին չկերակրել սնկերով.
-
խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ.
-
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ.
-
թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում.
-
չզբաղվել ինքնաբուժությամբ։
Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի: