Աշխարհում արդեն 8 միլիարդից ավելի մարդ է ապրում: Ու այդ թիվը շարունակում է աճել: Կանխատեսվում է, որ մինչև դարի վերջը բնակչությունը կհասնի 10 միլիարդի: Միևնույն ժամանակ, սակայն, կան երկրներ, որտեղ բնակչության աճը կանգ է առել կամ նվազում է, ինչն էլ պատճառ է դառնում, որ մի կողմից մտահոգություններ հնչեն, թե մոլորակը գերբնակեցված է, ու ռեսուրսների խնդիր կա, մյուս կողմից էլ՝ ավելի ու ավելի մեծ թվով երկրներ են ծնելիության ցածր մակարդակն ու բնակչության նվազումը համարում գոյության սպառնալիք:
ՄԱԿ-ի ամենամյա գլխավոր զեկույցը, որն այս տարի ունի «8 միլիարդ կյանք, անսահման հնարավորություններ՝ ի պաշտպանություն իրավունքների և ընտրության հնարավորության» խորագիրը, անդրադառնում է հակասող այս անհանգստություններին, նաև առաջարկում խնդրի լուծման նոր մոտեցումներ:
Ծովինար Հարությունյան (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար) - Այս մտահոգություններից հաճախ սխալ եզրակացություններ են անում և թիրախավորում են ծնելիության մակարդակը, հետևաբար մի կոնտեքստում փորձում են այն խթանել, մյուսում՝ նվազեցնել: Այնինչ մեր զեկույցը ասում է և պնդում է, որ պետք է ուշադրության կենտրոնում լինեն մարդը և այն միջավայրը, որտեղ որ մարդը ապրում է և արարում է:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մանրամասնում է՝ երկրները կարող են զարգանալ՝ անկախ բնակչության թվից, եթե հասարակությունները ներառական են, ստեղծված է այն միջավայրը, որտեղ մարդիկ կարող են արժանապատիվ ապրել, ստանալ որակյալ կրթական, առողջապահական ծառայություններ, ամուր են սոցիալական ապահովության երաշխիքները: Կարևոր է, ըստ նրա, խթանել յուրաքանչյուր մարդու ներգրավվածությունը հասարակական, տնտեսական, քաղաքական կյանքին՝ լինի տարեց, հաշմանդամություն ունեցող անձ թե կին, հնարավորություն ստեղծել բոլորի պոտենցիալը լավագույնս դրսևորվելու համար:
Ծովինար Հարությունյան - Շատ կարևոր է քայլեր ձեռնարկել, ներդրումներ անել մարդկային կապիտալի մեջ: Այսօր ժամանակակից հասարակություններում ուժը չեն չափում հասարակությունների անդամների թվով, այլ չափում են իրենց հավաքական տաղանդով, արտադրողականությամբ և ունակություններով:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը՝ ներկայացնելով, թե զեկույցում ինչ անդրադարձ կա մասնավորապես մեր երկրին, նշեց՝ բազմաթիվ երկրներին հատուկ խնդիրները՝ նվազած ծնելիություն, արտագաղթ և բնակչության ծերացում, վերաբերում են նաև Հայաստանին:
Մհեր Մանուկյան (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող) - Եվ այն լուծումները, այն առաջարկները, որ արված են զեկույցում, նաև վերաբերելի են և կիրառելի են Հայաստանի համար: Հայաստանին վերաբերող նաև անդրադարձ կա զեկույցի այն հատվածում, որն անդրադառնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին: Այս անգամ այդ խնդիրը շաղկապված է բնակչության թվաքանակի հետ և ծնելիության գործակցի հետ:
Սովորաբար ընդունված է պարզ վերարտադրության շեմը համարել 2.1-ը: Երբ կինը առնվազն այդքան երեխա է ունենում, նշանակում է, որ ծնողական զույգը պարզապես վերարտադրում է իրեն, բնակչությունը ոչ աճում է, ոչ նվազում: Բայց հիմա գիտական շրջանակները պարզ վերարտադրողականության շեմին տարբերակված մոտեցում են ցուցաբերում: Այն երկրների համար, որտեղ պտղի սեռի պատճառով հղիության արհեստական ընդհատումները մեծ թիվ են կազմում, վերարտադրության շեմն էլ բարձր է:
Մհեր Մանուկյան - Ծնելիության գումարային գործակիցը Հայաստանում կազմում է մոտ 1.7: Քանի որ մենք ունենք սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների խնդիր՝ 2.1-ից էլ 0.7-0.8 տոկոսով բարձր ցուցանիշ, պիտի որ հասնենք պարզ վերարտադրությանը:
Հայաստանը դասվում է այն երկրների շարքը, որոնք պատրաստ են որդեգրել ժողովրդագրական խնդիրների լուծմանը հասնելու նոր մոտեցումը: Հետևել աշխարհի փորձին, դասեր քաղել ու տեղայնացնել լավագույն լուծումները՝ սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գնահատականն է:
Ծովինար Հարությունյան - Մեկ տարուց ավելի մենք լուրջ փորձագիտական խումբ ենք ստեղծել և աշխատում ենք թե՛ միջազգային, թե՛ տեղական փորձագետների հետ, որպեսզի աջակցենք պետությանը բնակչության նոր ռազմավարություն ունենալ, որը ներառում է հենց այս նոր մոտեցումը:
Բայց մինչև ռազմավարությունն էլ, Ծովինար Հարությունյանի խոսքով, Հայաստանը փորձում է ժողովրդագրական իրավիճակը շտկել համակողմանի ծրագրերի միջոցով:
Հեղինակ՝ Աննա Զախարյան