ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և վերահաստատել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերը սերտացնելու, համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:
«Հայաստանի ու Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեքների և ընդհանուր պատմական ժառանգության վրա: Լինելով առաջին քրիստոնեական պետությունը՝ մենք պարտավորություն ունենք նաև խորացնելու մեր համագործակցությունը: Քրիստոնեական մշակույթը Հայաստանում բազմաշերտ է, ինչը միայն ուժեղացնում է մեզ և նոր հնարավորություններ տալիս»,-նշել է նախարարը:
Կողմերն անդրադարձել են 2021 թ. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին՝ շեշտելով դրա ժամկետը երկարաձգելու և բովանդակությունը ընդլայնելու կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության շենքի պատմական արժեքին՝ որպես հուշարձան շենքի և դրա ճարտարապետական նախնական տեսքը վերականգելու խնդրին: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, առաջնահերթ է համարում հուշարձանների պահպանությունը և պատրաստ է տրամադրելու մասնագիտական և խորհրդատվական աջակցություն:
Քննարկվել են նաև Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում` 2022-2023 թթ. երկամյակի համար) երկկողմանի կարևոր արժեքներն ասպարեզ բերելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունները: