ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ, որում նշված է.
«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:
Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին: Հայաստանի կառավարությունը եզդիական համայնքին աջակցում է կրթության, ազգային մշակույթի և լեզվի, ավանդույթների պահպանման և այլ հարցերում ու շարունակելու է աջակցել:
Սիրելի՛ բարեկամներ,
վստահ եմ, որ ձեր գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն քաղաքացիական գիտակցությանը և ազգային ավանդույթներին՝ հարստացնելով Հայաստանի Հանրապետության բազմամշակութային ներկապնակը:
Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ, արգասաբեր՝ նոր ու արդյունավետ ծրագրերի նախագծման և իրագործման տարի»: