Շաքարային դիաբետի բուժման նոր մոտեցումից մինչև մրգերից ու բանջարեղենից էլեկտրաէներգիայի ստացում. համադպրոցական գիտության փառատոնին աշակերտների ներկայացրած այս տարվա նախագծերն են: Մրցույթը մարտի 25-ին էր կայացել, հաղթողներն այսօր են պարգևատրվել: 40 ուսհաստատությունից 83 նախագիծ էր ներկայացվել, հաղթող ճանաչվել՝ 17-ը: Նախագծերից 5-ն այս տարի կներկայացվի միջազգային գիտական մրցույթներում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նման փառատոնի միջոցով դպրոցականների մոտ հետաքրքրություն են առաջացնում դեպի գիտությունը:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այս տարի ներկայացված ծրագրերը քանակապես շատ ավելի մեծ են, քան նախորդ տարիներին: Սա վկայում է այն մասին, որ մեր դպրոցականները սկսել են ավելի շատ հետաքրքրվել նմանատիպ միջոցառումներով, գիտությամբ:
Այս տարի գիտության փառատոնը անցկացվել է 5 անվանակարգում՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և հասարակական գիտություններ: Քիմիա անվանակարգում հաղթած թիմի անդամ, կապանցի Արտյոմ Համբարձումյանը արդեն երկրորդ տարին է` ոչ միայն մասնակցում, այլև հաղթում: Նախորդ տարի ներկայացրել էին պլաստիկ շշերից դիզվառելիք ստանալու նախագիծ, այս տարի առաջարկում են ջրածնի այլընտրանքային արտադրություն, որն առաջիկայում ներկայացվելու է Բրյուսելում:
Արտյոմ Համբարձումյան (Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ) - Առաջարկում ենք ջրածնի երկու փուլից բաղկացած արտադրություն. որպես էժան հումք ընտրում ենք սովորական ջուրը և քարհանքի աղը: Երկուսն էլ տարածված են Հայաստանում: Համեմատաբար տարածված էժան հումքից կարելի է համակցված քիմիական արտադրություն կազմակերպել:
Արտյոմի քիմիայի ուսուցչուհու խոսքով էլ՝ մարզերում ավելի շատ հետազոտություններ կանցկացվեն և արդյունքներ կգրանցվեն, երբ առաջիկայում նոր լաբորատորիաներ բացվեն, որոնք հագեցած կլինեն համապատասխան սարքավորումներով:
Վարդուհի Օհանջանյան (Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի) - Օրինակ՝ «Արմաթ» լաբորատորիաները կան, իրենք ինֆորմատիկայով կարող են զարգանալ, բայց ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, մենք չունենք համապատասխան լաբորատորիա: Ավագ դպրոցներն ունեն լաբորատորիա, բայց իրենք էլ չեն հագեցել համապատասխան նյութերով և սարքավորումներով:
«Այբ» դպրոցի աշակերտների նախագիծն էլ մայիսին ԱՄՆ-ում կայանալիք գիտական միջոցառմանն է ներկայացվելու: Հեղինակներն առաջարկում են ստեղծել այնպիսի սարք, որը հնարավորություն կտա նվազեցնել պոլիմերների հասցրած վնասը. արդեն մշակել են սարքի 3D մոդելը:
Անժելա Մաթևոսյան («Այբ» դպրոցի աշակերտ) - Եթե մենք կարողանանք զանգվածային արտադրություն սկսել մեր նախագծած սարքով այս կենսաքայքայվող պոլիմերների, ամբողջ աշխարհում կարող են օգտագործվել կենսաքայքայվող տոպրակներ, կենսաքայքայվող պլաստիկե իրեր, որոնք արագ կքայքայվեն, մի քանի օրում, և չենք ունենա խնդիր օվկիանոսների, հողի, ջրի աղտոտվածության:
Չնայած ներկայացված նախագծերը դեռ դպրոցական մակարդակում իրականացված հետազոտություններ են, բայց փառատոնի կազմակերպիչները վստահ են՝ դրանք առաջիկայում լուրջ հետազոտություններ դառնալու և կյանքի կոչվելու մեծ հեռանկար ունեն:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան