Արդարադատության նախարարության, գործադիր, դատական իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի, Նոտարական պալատի, բանկերի և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանրային միջոցառում, որի նպատակն էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը։
Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի կարգով քննվող որոշ գործեր հանձնել նոտարների իրավասությանը: Առաջարկվում է նոտարների իրավասությանը վերապահել միայն այն գործերը, որոնցով ներկայացված գումարի բռնագանձման պահանջը չի գերազանցում հինգ միլիոն դրամը:
Ընդ որում՝ նոտարին նշված պահանջով դիմում կարող են ներկայացնել միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք:
Նախագծի նպատակն է բարձրացնել փոքր հայցապահանջներով քաղաքացիական գործերի արտադատական լուծման արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը և կապահովի նշված գործերի ժամանակին ու արագ լուծումը: